Ընտրակեղծիքները խաթարել են նոր կառավարության լեգիտիմությունը. ԵԽ

Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չեն պահպանել ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշները։ Հաղորդված ընտրակեղծիքները խաթարել են ընտրական գործընթացի ամբողջականությունը և նոր կառավարության լեգիտիմությունը:

Այս գնահատականը տրված է Եվրախորհրդարանի (ԵԽ) տարածած համատեղ հայտարարության մեջ, որը վերաբերում է Վրաստանի կառավարության՝ Եվրամիությանն անդամակցությունը դադարեցնելու որոշմանը:

Եվրախորհրդարանի հայտարարության մեջ նշված է, որ խորապես մտահոգված են եվրոպամետ վրացիների իրավունքների համար, որոնք փողոց են դուրս եկել բողոքելու ԵՄ-ին ինտեգրման գործընթացը դադարեցնելու կառավարության ծրագրի դեմ։ Եվրախորհրդարանը դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումը և պատկան մարմիններին կոչ է անում դադարեցնել ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ. խաղաղ հավաքների իրավունքը հիմնարար իրավունք է, որը պետք է խստորեն հարգվի։

«Մենք ցավում ենք ԵՄ-ին անդամակցության բանակցությունները սկսելու ջանքերը դադարեցնելու Վրաստանի կառավարության որոշման համար, ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ին: Հիշեցնենք, որ Վրաստանի ինքնիշխան որոշումն էր ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել 2022 թվականի մարտին, և որ նրան թեկնածուի կարգավիճակ է շնորհվել 2023 թվականի դեկտեմբերին: Այս պատմական հնարավորությունն օգտագործելու և անդամակցության գործընթացն առաջ տանելու փոխարեն` Վրաստանում շարունակական ժողովրդավարական հետընթաց է նկատվում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Եվրախորհրդարանի հայտարարության համաձայն, կշարունակեն աջակցել վրաց ժողովրդի եվրատլանտյան նկրտումներին և աջակցել քաղաքացիական հասարակությանն ու ժողովրդավարամետ շարժումներին՝ երկիրը դեպի ժողովրդավարական և եվրոպական ուղի վերադարձնելու համար: