Ընտրական փոփոխությունները ստորադասվել են «Վրացական երազանք»-ի շահերին. ISFED

Վրաստանյան «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական դիտորդական կազմակերպությունն (ՀԿ) արձագանքել է «Վրացական երազանք»-ի նախաձեռնությամբ «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխություններին: Ըստ ISFED-ի՝ այս որոշումն օրինակ է այն բանի, թե ինչպես է «Վրացական երազանք»-ն օգտագործում օրենսդրական գործընթացը հօգուտ իր սեփական նեղ քաղաքական շահերի։

Ընդդիմադիր ուժերի, նախագահի և որոշ հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ISFED-ի կողմից ոչ լեգիտիմ համարվող Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 13-ին արագացված կարգով փոփոխություններ է ընդունել «Ընտրական օրենսգրքում»։

«Հաշվի առնելով երկրում առկա կուսակցական օրինաչափությունները՝ վերջին փոփոխությունները միտված են ստեղծելու այնպիսի միջավայր, որը մունիցիպալ մարմինների ընտրություններից առաջ իշխող կուսակցության համար ցանկալի արդյունք կապահովի, ինչը կհանգեցնի տեղական ներկայացուցչական մարմիններում ընտրողների ձայների անարդար փոխակերպման», — փոփոխություններն այսպես է գնահատել ISFED-ը։

Օրենսդրական այս փոփոխություններով խորհրդարանը վերադառնում է 2017 թվականի իրավիճակին, որը փոխվեց «Շառլ Միշելի համաձայնագրի» ստորագրումից հետո։ Իրավական հարցերի հանձնաժողովի նիստում օրինագծի հեղինակներից Գիվի Միքանաձեն ասել է, թե վերադարձը տարիներ առաջ գոյություն ունեցող մոդելին՝ «ընտրողների շահերից է բխում»։

Օրինագծի ընդունման դեպքում.

  • Թբիլիսիի սակրեբուլոյի 50 պատգամավորներից 25-ը կլինեն մեծամասնական (այժմ` 10),  իսկ համամասնական ընտրակարգով ընտրվելիք պատգամավորների թիվը 40-ից կնվազի 25-ի,
  • ինքնավար քաղաքներում (Քութաիսի, Բաթումի, Ռուսթավի, Փոթի) քաղաքային խորհուրդների անդամների թիվը 35-ից նվազում է մինչև 25։
  • միաժամանակ մեծամասնական ընտրակարգով ընտրված սակրեբուլոյի պատգամավորների թիվը 7-ից կդառնա 10, իսկ համամասնական ընտրակարգով բաշխվելիք մանդատների թիվը 28-ից կնվազի 15-ի։

Ինքնավար համայնքներում ավագանիները կազմված են լինելու համամասնական ընտրակարգով ընտրված 15 անդամից, և այս ինքնակառավարվող համայնքի բոլոր բնակավայրերից մեծամասնական ընտրակարգով ընտրված մեկ անդամից։
Նախատեսված փոփոխություններով բարձրանում է նաև համամասնական բաղադրիչով ընտրական սուբյեկտների համար սահմանված ընտրական շեմը։ Մասնավորապես, Թբիլիսիում շեմը 2,5 տոկոսից կբարձրանա 4 տոկոսի, իսկ մյուս մունիցիպալիտետներում՝ 3 տոկոսից 4-ի։

ISFED-ը նշել է, որ այս փոփոխություններից առաջ՝ այս տարվա մայիսին, «Վրացական երազանք»-ը հերթական փոփոխությունն է կատարել համայնքային ընտրությունների ընտրական համակարգում։ Մասնավորապես, վերացվել է մեծամասնական ընտրակարգով սակրեբուլոյի անդամի թեկնածու ընտրելու 40 տոկոս շեմը, և հաղթանակի համար բավական է ստանալ համապատասխան տեղական մեծամասնական ընտրատարածքում կայացած ընտրություններին մասնակցող ընտրողների ամենաշատ ձայները։

«Արդար ընտրություններ»-ի կարծիքով` ընտրական օրենսդրության մեջ տարիների ընթացքում կատարված փոփոխությունները հիմնականում ուղղված են եղել «Վրացական երազանք»-ի նեղ կուսակցական շահերի բավարարմանը։

Ինչու է սակրեբուլոներում մեծամասնականների թիվն ավելանում, համամասնականներինը՝ նվազում