Ընտրական փոփոխությունը՝ թեկնածուներին տեղական ֆեոդալներ դարձնելու փորձ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «Ընտրական օրենսգրքում» կատարած փոփոխությունները, որով կուսակցություններին թույլատրվեց նախընտրական ցուցակում ընդգրկված Վրաստանի խորհրդարանի անդամության թեկնածուին նշանակել որպես ընտրատարածքներից որևէ մեկի «պատվիրակության» թեկնածու, իր մեջ մեծամասնական ընտրական համակարգին բնորոշ տարրեր է պարունակում, այս տեսակետն են հայտնում փորձագիտական շրջանակում:

Ըստ փորձագետների, պատգամավորների թեկնածուներին «պատվիրակ» նշանակելով՝ «Վրացական երազանք»-ը փորձում է շրջաններում ազդեցիկ մարդկանց միջոցով ձայներ մոբիլիզացնել:

Նրանց խոսքով, համամասնական ընտրակարգի (այս տարի Վրաստանում լրիվ համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցացվեն-հեղ.) պայմաններում ստացած ձայները, իրավական առումով՝ ոչինչ չի տա կուսակցություններին, քանի որ ընտրված թեկնածուն է միայն հայտնվելու խորհրդարանում. այդ ձայների հաշվին այլ պատգամավորների չեն կարողանա ներգրավել խորհրդարանում: Սակայն, ըստ փորձագետների, քաղաքական առումով՝ իշխող թիմը փորձում է շրջաններում ազդեցություն ունեցող մարդկանց ներառել ընտրացուցակներում, որպեսզի բոլոր ռեսուրսներով հնարավորություն ունենա խորհրդարանում մեծամասնություն կազմելու:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախկին նախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ փաստ է, որ «Վրացական երազանք»-ը չի ցանկանում շրջաններում կորցնել կոռումպացված, մաֆյոզ, ազդեցություն ունեցող մարդկանց, ովքեր վերահսկում են այդ շրջանները, փող են աշխատում, որը կկարողանան ծախսել խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:

«Ընտրական ցուցակներում շրջաններում ապրող ազդեցիկ մարդկանց ներառելով՝ կուսակցությունները միայն ձայների առավելություն ստանալու միտում կունենան: «Վրացական երազանք»-ը փորձելու է շրջաններում ազդեցիկ մարդկանց նշանակել որպես «պատվիրակ», որպեսզի վախեցնի, տեղի ընտրողների ձայները գնի»,- ասաց Զաքարեիշվիլին:

Նշենք, որ 2024 թվականի մայիսին Վրաստանի «Ընտրական օրենսգիք»-ում կատարված փոփոխություններով՝ կուսակցությանը թույլատրվեց ընտրական ցուցակի կազմման ժամանակ դրանում ընդգրկված Վրաստանի խորհրդարանի անդամության թեկնածուին` նույն օրենքի հավելվածով նախատեսված 30 ընտրատարածքներից որևէ մեկի պատվիրակության թեկնածու նշանակել։

Ընտրվելուց հետո խորհրդարանի այս պատգամավորը համարվում է համապատասխան շրջանի «պատվիրակ», եթե նրան պատվիրակության թեկնածու առաջադրած կուսակցությունն այդ շրջանի տարածքում ստանում է ամենաշատ ձայները։ Կուսակցության ցուցակում խորհրդարանի անդամության թեկնածուի կողքին նշվում է այն ընտրատարածքի համարը, որտեղ նա առաջադրվում է որպես գրանցված ընտրողների «պատվիրակ»։

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպության երկարաժամկետ դիտորդական առաքելության միջանկյալ զեկույցում նշվում է՝ ներկայացված փոփոխությամբ՝ մաժորիտարիզմի տարրը վերադառնում է օրենսդրություն և այդպիսով կազդի ընտրողի կամքի որոշման վրա այնպես, ինչպես եղավ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում։

«Նոր օրենքը հնարավորություն կտա կուսակցություններին ընտրական ցուցակները կազմելիս հաշվի առնել ընտրողների աշխարհագրական բաշխվածությունը։ Արդյունքում նրանք կկարողանան առաջնահերթություն տալ այն մարզերի թեկնածուներին, որտեղ նրանք ավելի մեծ աջակցություն են ակնկալում: Հաշվի առնելով ընտրատարածքներում ընտրողների կտրուկ տարբերությունը՝ կուսակցությունները ցուցակի առաջին շարքերում դասում են խոշոր մարզերի ներկայացուցիչներին, ինչը կարող է ավելի մեծ ընտրական աջակցություն բերել։ Եվ դա կարող է հանգեցնել անհավասարության՝ կապված փոքր բնակավայրերի հետ»,- նշված է GYLA-ի զեկույցում:

GYLA-ն նշել է՝ համեմատաբար թույլ քաղաքական խմբերը, որոնք չունեն ուժեղ տարածաշրջանային ներկայացուցչություն, դժվար կլինեն մրցակցել ավելի մեծ կուսակցությունների հետ, որոնք կարող են ռազմավարականորեն թեկնածուներ առաջադրել այն տարածաշրջաններում, որտեղ իրենք ունեն մանդատներ շահելու ամենամեծ հնարավորությունները:

«Սա նվազեցնում է համամասնական ընտրակարգի առավելությունը, որը ընտրողին հնարավորություն է տալիս իր ընտրությունն ամբողջությամբ հիմնել կուսակցության կազմի վրա։ Այս համատեքստում իշխող կուսակցությունը օրենսդրական հարթություն կվերադարձնի այն ոչ մրցակցային արտոնությունը, որը ստացել էր մեծամասնականների (տարածաշրջանային տարր) առկայությամբ խառը մոդելի պայմաններում»,- նշված է զեկուցում:

GYLA-ն ընդգծել է՝ պետք է հաշվի առնել նաև, որ իշխող կուսակցությունները, որպես կանոն, մարզերի նկատմամբ քաղաքական ու ընտրական վերահսկողության առումով զգալիորեն ապավինում են մարզային էլիտաներին, ինչը նրանց շահեկան վիճակում է դնում.

«Թեկնածուներին պատվիրակներ սահմանելու ընթացակարգը, ամենայն հավանականությամբ, կբերի նաև թեկնածուների ընտրության չափանիշների, նախընտրական քարոզչության, կուսակցության շտաբի կազմակերպման տրամաբանության և առաջնահերթությունների փոփոխության, ինչը նախընտրական արշավը կմոտեցնի մեծամասնական ընտրությունների իրականությանը»:

ՀԿ-ն հաշվի առնելով վերը նշվածը, այս փոփոխությունը լրիվ հետընթաց քայլ է  համամասնական ընտրակարգի և այս համակարգին ուղեկցող քաղաքական մշակույթի հաստատման ճանապարհին:

Ընդդիմությունն ընտրատարածքներում և մունիցիպալիտետներում փոփոխությունները որակում է «Վրացական երազանք»-ի թեկնածուներին տեղական ֆեոդալներ դարձնելու փորձ։ Տարիների ընթացքում Վրաստանում ընտրական գործընթացին հետևող հասարակական կազմակերպությունները նշել են, որ «պատվիրակների» մասին արձանագրությունը թեև հստակ իրավական խնդիր չի պարունակում, բայցև` քաղաքականապես խնդրահարույց է։ «Վրացական երազանք»-ն ասել է, որ այսկերպ ընտրողներին հնարավորություն կտրվի իրենց ներկայացուցիչներին տեսնելու կուսակցության ցուցակում։

Կոբախիձեն ներկայացրել է «Վրացական երազանք»-ի համամասնական ցուցակի պատվիրակների անունները