Ընտրական օրենսգրքի և սահմանադրության փոփոխություններով դեպի ՏԻՄ ընտրություններ. Վրաստանի նոր մարտահրավերը

Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո շուրջ կես տարվա ներքաղաքական ճգնաժամն ավարտվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից մշակված համաձայնագրով: Միշելի միջնորդությամբ Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև ձեռք բերված համաձայնագրում խոսվում էր երկրում առաջիկայում մի շարք ուղղություններով բարեփոխումներ անելու մասին, որոնցից մեկն ընտրական օրենսգրքի հավակնոտ բարեփոխումն էր:

Հունիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Ընտրական բարեփոխումներին աջակցեց 86 պատգամավոր, դեմ էին երկուսը, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» ու «Լելո» կուսակցությունների պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը:

Ի՞նչ են ենթադրում ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մեծամասնական անդամների ընտրության համար կսահմանվի 40%-անոց շեմ: Օրենսդրական փաթեթում հիմնական նորությունը վերաբերում է ՏԻՄ ընտրություններին: Մասնավորապես, ի տարբերություն գործող օրենքի, 2021-ին ընտրված տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի համամասնական կլինեն:

Ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսի, Քութայիսի, Ռուսթավի, Փոթի և Բաթումի, սակրեբուլոյի անդամների հարաբերակցությունը կլինի 1 մեծամասնական 4 համամասնական, իսկ մյուս մունիցիպալիտետներում հարաբերակցությունը կլինի 1/2:

Օրինակ՝ Քութայիսին լինելով ինքնակառավարվող քաղաք, այս տարվա ՏԻՄ ընտրություններում սակրեբուլոյում կունենա 7 մեծամասնական և 28 համամասնական կարգով ընտրված պատգամավոր:

Իսկ օրինակ Նինոծմինդայի և Ախալքալաքի ներկայացուցչական մարմինները (սակրեբուլո) կունենան համապատասխանաբար 30 և 42 անդամներ, որտեղից Նինոծմինդայի դեպքում 10 պատգամավոր կլինի մեծամասնական կարգով ընտրված, իսկ Ախալքալաքի դեպքում՝ 14:

Ընտրական հանձնաժողովը համալրվելու է 8 + 9 պարիտետի սկզբունքով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրվելու է նոր կանոնների համաձայն: Ընտրական վարչակազմը բոլոր երեք մակարդակներում կլինի խառը տեսքով՝ 7 մասնագիտական ​​և 9-ը կուսակցության կողմից նշանակված անդամներով: Բացի այդ, ԿԸՀ նախագահի տեղակալի պաշտոնում կլինի ընդդիմադիր ներկայացուցիչ:

Նոր օրենքով նախատեսում է նախընտրական քարոզչությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակում, վարչական ռեսուրսների օգտագործումն արգելող նոր կանոն: Օրինագծում անդրադարձ է կատարված նաև ընտրատեղամասից 100 մ հեռավորության վրա ընտրողների տեղաշարժը խոչընդոտելու արգելքին: Մինչ այս գործող օրենքը արգելքը սահմանում էր 25 մետրը, այսուհետ ընտրության օրը ընտրատեղամասից 100 մետր շառավղով կարգելվի հավաքվել, կամ ընտրողի տեղաշարժը սահմանափակել:

Կօգտագործվեն էլեկտրոնային տեխնոլոգիաներ, ինչպես նաև ամբողջ երկրի մասշտաբով բացված տեղամասերի 10%-ը պատահականության սկզբունքով կվերահաշվարկվի․ ամեն ընտրատարածքում 5 ընտրատեղամաս:

Օրինագծի համաձայն՝ բողոքները կներկայացվեն էլեկտրոնային եղանակով, իսկ խախտման մասին արձանագրություն կազմելուց հրաժարվելը կբողոքարկվի: Վեճերն ու վերահաշվարկները վերահսկելու համար կստեղծվի ԿԸՀ խորհրդատվական խումբ:

Ի՞նչ սահմանադրական փոփոխություններ են սպասվում

Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո, Վրաստանի խորհրդարանն ընթացիկ շաբաթվանից կսկսի սահմանադրական փոփոխությունները: 91 պատգամավորների կողմից նախաձեռնած սահմանադրական օրենքի փոփոխության նախագծի համաձայն՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին ընտրական շեմը 5 տոկոսի փոխարեն կլինի 2 տոկոս:

Ինչպես նաև, խորհրդարանում խմբակցություն կազմելու իրավունք կունենա նվազագույնը 4 պատգամավոր, նախկին 7-ի փոխարեն: Հաջորդ երկու գումարման խորհրդարանները գլխավոր դատախազին պետք է ընտրեն՝ խորհրդարանի լրիվ կազմի 3/5-ի աջակցությամբ: Սահմանադրական օրենքի փոփոխությունները վերաբերելու են միայն առաջիկա երկու գումարման խորհրդարաններին:

Հարկ է նշել, որ 2021 թվականին հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունները Վրաստանի համար սովորական ընտրություններ չեն լինելու, քանի, որ ըստ վերոնշյալ «Միշելի փաստաթղթի», եթե իշխող կուսակցությունը չկարողանա ընտրություններին 43 տոկոսից ավելի աջակցություն ստանալ, 2022 թվականին երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակվեն:


Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։