Վրաստանում գործարկվել է էլեկտրոնային նոր գործիք՝ Election Compass Georgia 2024-ը (ընտրական կողմնացույց), որի օգնությամբ ընտրողը կարող է պարզել, թե որ կուսակցության տեսլականներն են ամենամոտն իրեն։ Այս էլեկտրոնային ծրագիրը ներկայացրել է Վրաստանում Եվրամիության (ԵՄ) ներկայացուցչությունը։
Ծրագիրը նաև աշխատում է հայերեն լեզվով։
Տեղեկության համաձայն՝ Electoral Compass Georgia-ն անկուսակցական, էլեկտրոնային գործիք է, որն օգտատերերին տրամադրում է տեղեկատվություն քաղաքական կուսակցությունների դիրքորոշումների մասին, օգնում բացահայտել, թե որ կուսակցության տեսլականներն ու առաջնահերթություններն են առավել մոտ իրենց:
Պարզելու համար, թե որ կուսակցության գաղափարներն են ամենամոտն իրեն, ընտրողը պատասխանում է տարբեր հարցերի, վերջում ստանում է պատկեր՝ որ կուսակցությունն է ամենաշատը համապատասխանում իրեն։
Հավելվածը հասանելի է դարձել հոկտեմբերի 4-ին, ներառում է խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր հիմնական կուսակցությունները, ծառայում է ընտրողների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։
Ծրագրի հետազոտական բաղադրիչներն իրականացվում են Թբիլիսիի պետական համալսարանի (ԹՊՀ), International School of Economics (ISET) և անկախ հետազոտողների կողմից:
Ծրագրին աջակցում են Եվրոպական միությունը (ԵՄ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI), Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը (FES), Ֆրիդրիխ Նաումանի Ազատության հիմնադրամը, Հայնրիխ Բյոլ հիմնադրամը, Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը (KAS), իսկ մեթոդական Փորձաքննությունն ու տեխնոլոգիական անվտանգությունը տրամադրում է հոլանդական «Kieskompas» ընկերությունը: