Վրաստանում խորհրդարանական ընտրությունները շարունակվում են։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ գյուղի հանրային դպրոցում բացվել է 33-րդ ընտրատեղամասը։ «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբն ընտրատարածքում էր ժամը 17։00-ի դրությամբ։
Աբուլում ևս ընտրություններն ընթանում են էլեկտրոնային եղանակով, ընտրատարածքում 2 նույնականացման և 2 ձայների հաշվման էլեկտրոնային սարքեր են տեղադրված։
Ժամը 17։00-ի դրությամբ, Աբուլ գյուղում 484 ընտրողից 276 հոգի է մասնակցել ընտրությանը։
Տեղում մեզ ասացին, որ ընտրողների մեծ հոսք է եղել ցերեկվա ժամերին, երեկոյան արդեն բնակիչների հիմնական հատվածն ընտրել էր։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։
Լուսանկարները՝ Լուսինե Նուրջանյանի