Վրաստանում հուլիսի 6-ին վրաց լեզվի և գրականության քննությամբ կմեկնարկեն միասնական ազգային քննությունները: Մագիստրոսական քննությունները տեղի կունենան օգոստոսի 1-ից 4-ը: 2020 թվականի միասնական ազգային քննություններին գրանցվել է ավելի քան 55 հազար դիմորդ և ուսանող:
Համաճարակի պայմաններում քննությունների անվտանգ անցկացման համար Վրաստանի ԿԳ նախարարությունը մշակել է հատուկ վարքագծի կանոններ, որոնց պետք է հետևեն դիմորդները: Ստորև ներկայացնում ենք այդ կանոնները:
«Քննության վարքագծի կանոնները ծառայում են բոլոր քննություն հանձնողների իրավունքների և շահերի պաշտպանությանը: Այս կանոններով ապահովվում են քննության սեկտորում աշխատանքային պայմանների ստեղծումը և գործընթացի արդարացի և օբյեկտիվ ուղղորդումը:
Թեստավորման ժամանակ պարտավոր եք պահպանել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված կանոնները. դրե’ք դիմակ, քննական գործընթացին մասնակցող այլ անձանց հետ պահպանե’ք սոցիալական հեռավորություն, մատնանշման դեպքում՝ մշակե’ք ձեռքերը ախտահանիչ լուծույթով:
Նկատի ունեցեք այն, որ նստարանի վրա չպետք է տեղադրեք ոչ մի իր, բացի այն իրերից, որոնք բաժանվել են ձեզ մինչև քննության սկսվելը: Պլաստմասե շշով ջուրը կարող եք դնել հատակին:
Պատասխանների թերթը ուշադրությամբ վերանայեք հսկիչի կամ դիտորդի հետ միասին, որպեսզի համոզվեք, որ այն վնասված չէ, որից հետո սեկտորի ամփոփագրում ստորագրեք չվնասված Պատասխանների թերթ ստանալու վերաբերյալ (թերություններ ունեցող Պատասխանների թերթը կփոխվի):
Պատասխանների թերթի վրա հսկիչի կամ դիտորդի կողմից փակցված ծածկագծիկի՝ շտրիխ-կոդի համարը անձամբ փոխադրեք սեկտորի ամփոփագրի համապատասխան սյունակի մեջ:
Հսկիչին կամ դիտորդին կարող եք դիմել միայն ձեռքը բարձրացնելով:
Թեստի վրա աշխատանքը կարելի է սկսել միայն այն բանից հետո, երբ դիտորդը կամ հսկիչը կտան ցուցում, և կսկսվի քննության ժամանակի հաշվարկը:
Եթե ժամանակից շուտ ավարտեք թեստի վրա աշխատանքը և Պատասխանների թերթի լրացումը, ձեռքը բարձրացնելով նշան արեք դիտորդին կամ հսկիչին, ում սահմանված կարգով կհանձնեք սևագրության համար հատկացված թերթերը և Պատասխանների թերթը, ինչը կհաստատեք ամփոփագրում ստորագրությամբ, և միայն դրանից հետո կթողնեք քննության սեկտորը:
Քննության ավարտից 10 րոպե շուտ դիտորդը կամ հսկիչը կհիշեցնեն ժամանակի մասին, որպեսզի թեստի վրա աշխատանքն ավարտեք ժամանակին:
Հավելյալ Ժամանակ ոչ մեկին չի տրվի (բացի այն անձանցից, որոնք բժշկական տեղեկանքով հավաստված գործառույթային առումով թերություններ ունեն):
Քննվողը նախազգուշացում կստանա հետևյալ դեպքերում.
- հսկիչին կամ դիտորդին թեստի բովանդակության հետ կապված հարցեր առաջադրելու,
- քննական գործընթացի ժամանակ զրույցի, իրար հետ խոսելու կամ որևէ ձևով միմյանց օգնելու փորձի,
- մինչև դիտորդի կամ հսկիչի ցուցումը թեստի վրա աշխատանքը սկսելու,
- քննության ժամանակի սպառվելուց հետո թեստի վրա աշխատանքը շարունակելու,
- աշխատանքի տեղը առանց թույլտվության թողնելու,
- բացի թույլատրված իրերից աշխատանքային սեղանին այլ իրեր հայտնաբերելու,
- Պատասխանների թերթը լրացնելու համար կենտրոնի կամ կենտրոնի կողմից թույլատրված գրիչից բացի այլ գրիչ օգտագործելու,
- Պատասխանների թերթի վրա նույնականացնող նշան (անուն, համար, հասցե և այլն) կամ որևէ տեսակի այնպիսի գրաֆիկական պատկերներ (ֆիգուր, մակագրություն և այլն) դնելու համար, որը կապված չէ թեստային առաջադրանքի հետ։ Մեկ նախազգուշացումից հետո նույն կամ ցանկացած այլ խախտում կրկնելու դեպքում քննվողը կհեռացվի քննությունից:
Քննությունից առանց նախազգուշացման անձը կհեռացվի .
- բառարան, բջջային հեռախոս, հաշվիչ կամ այլ էլեկտրոնային սարք (այդ թվում ժամացույց) քննության բերելու և դրանք թեկուզև անջատված վիճակում հայտնաբերելու դեպքում,
- օժանդակ նյութ կիրառելու կամ հայտնաբերելու դեպքում,
- կարգապահությունը կոպիտ խախտելու, նաև քննական գործընթացին մասնակցող անձին վիրավորելու կամ նմանատիպ այլ դեպքերում,
- ալկոհոլի, թմրեցուցիչ կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո գտնվելու դեպքում,
- նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված կանոնները խախտելու դեպքում կարվի դիտողություն և մատնացույց կարվի կանոնների պաշտպանության անհրաժեշտության մասին: Նշված դիտողությունը չկատարելու դեպքում կհեռացվեք քննությունից,
- քննություն հանձնողը պետք է ենթարկվի քննության հսկիչի, դիտորդի կամ այլ պատասխանատու անձի որոշմանը, այդ թվում քննութունից հեռացվելու մասին,
- քննության գործընթացի մասնակից որևէ անձի/անձանց կողմից սահմանված ընթացակարգերի խախտման դեպքում, իրավունք ունեք նույն օրը ներկայացնել բողոքի հայտ քննության կենտրոնի շենքում: