2022 թվականի օգոստոսի 31-ին Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին Պրահայում ընթացող Եվրամիության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում առանձնազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Փոխանցում է Դարչիաշվիլիի ֆեյսբուքյան էջը:
Դարչիաշվիլին ուկրաինացի գործընկերոջ հետ զրույցում ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի անմնացորդ աջակցությունն Ուկրաինային և հույս հայտնել, որ պատերազմը շուտով կավարտվի, և երկրում խաղաղություն և կայունություն կհաստատվի։
Նախարարն ընդգծել է «Ասոցացված եռյակի» (ԵՄ-ի հետ ասոցացված երեք պետությունների՝ Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի) դերը տարածաշրջանում և երեք երկրների եվրաինտեգրման գործընթացը։
«Նշվել է Եռյակի երկրների համար եվրոպական հեռանկարը բացելու Եվրահանձնաժողովի որոշումը, նախարարները խոսել են նաև երկրների կողմից Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Վրաստանի ԱԳ նախարարը ուկրաինացի և մոլդովացի գործընկերների հետ, ԵՄ խորհրդի նախագահող երկրի՝ Չեխիայի հրավերով օգոստոսի 30-31-ը Պրահայում մասնակցում են Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։