Ընդդիմությունն ու քաղհասարակությունը՝ ռեպրեսիաների էպիկենտրոնում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) դեկտեմբերի 4-ին խուզարկություններ է իրականացրել վրաստանյան մի շարք ընդդիմադիր կուսակցությունների, քաղակտիվիստների գրասենյակներում ու բնակարաններում:

Ըստ առկա տեղեկությունների՝ խուզարկություններ են կատարվել «Գիրչի» «Դրոա», «Ախալի», «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների գրասենյակներում։

Խուզարկել են նաև ֆեյսբուքյան «Հյուրընկալիր» («Դաիտովե») խմբի համակարգող Իլիա Ղլոնտիի և խմբի հիմնադիր Նենսի Վոլանդի բնակարանը:

«Դափիոնի» երիտասարդական շարժման տվյալներով՝ ձերբակալվել է շարժման հիմնադիր և առաջնորդ Զվիադ Ցեցխլաձեն։ Խուզարկությունների մասին են գրում նաև այլ ակտիվիստներ:

«Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդներից, «Ախալի» կուսակցության համանախագահ Նիկա Գվարամիային ոստիկանությունը բերման է ենթարկել վարչական կարգով։

Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել ընթացիկ իրադարձությունները։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերջին ժամերին զարգացող իրադարձություններն անվանել է «ռեպրեսիա»։

«Այս ցույցերը պետք է կոչվեն ռեպրեսիաներ Վրաստանում: Քաղաքական առաջնորդներին բերման են ենթարկում ռեպրեսիվ ուժերը, խուզարկում են կուսակցությունների երիտասարդ ցուցարարների գրասենյակները», — գրել է նախագահը:

Նախագահը նաև կոչ է անում միջազգային գործընկերներին «չուշանալ» և ճնշում գործադրել «Վրացական երազանք»-ի վրա։

Մինչ այդ, «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցում հայտարարել էր, որ դեկտեմբերի 4-ին ոստիկանության կողմից քաղաքական կուսակցությունների գրասենյակներում և ակտիվիստների տներում կատարված խուզարկությունները «ավելի շատ կանխարգելում են, քան ռեպրեսիա»։

«Ես չէի կարող դա ռեպրեսիա անվանել», — ասել է Կոբախիձեն:

Քաղհասարակության գնահատմամբ՝ «Վրացական երազանք»-ն այլևս ի վիճակի չէ փողոցային բողոքի ցույցերի հետ առնչվել, այժմ սկսել է խուճապ ու վախ սերմանել, այդ իսկ պատճառով էլ ռեպրեսիաների է դիմել: