Ընդդիմությունն Օրբելիանի պալատում կաջակցի նախագահին

Դեկտեմբերի 25-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելլիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Ընդդիմադիր «Ժողովրդի համար» կուսակցության նախագահ, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Անա Դոլիձեն հանդիպումից հետո լրագրողներին ասել է՝ ընդդիմությունը աջակցություն է հայտնել Զուրաբիշվիլիին՝ խոստանալով դեկտեմբերի 29-ից հետո նրա հետ մնալ նախագահական պալատում։

«Ես լիակատար աջակցություն եմ առաջարկել նախագահին անկախության համար պայքարում: Մենք պատրաստ ենք պալատում մնալ նաև դեկտեմբերի 29-ից հետո, այն հայտարարել որպես միակ վայրը, որտեղ կաշխատի Վրաստանի օրինական նախագահը», — ասել է Դոլիձեն՝ չհստակեցնելով՝ այս հարցում նախագահ Զուրաբիշվիլիի դիրքորոշումը։ Ըստ նրա՝ նախագահն ինքը կասի այդ մասին։

«Ախալի» կուսակցության նախագահ, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիայի խոսքով, իր տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ին Օրբելիանիի պալատում քաղաքական գործիչներից բացի կլինեն նաև այլ ոլորտների ներկայացուցիչներ.

«Իմ անձնական կարծիքն այն է, որ այդ աջակցությունը լինելու է լայնածավալ, և ես լիովին վստահ եմ դրանում: Զուրաբիշվիլին կորոշի, թե ինչպես անցնի այդ ամենը», — ասել է Գվարամիան:

Դոլիձեն լրատվամիջոցներին նշել է նաև, որ անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունները Վրաստանի նախագահի հետ քննարկում են ընտրական վարչակազմի պայմաններին վերաբերող փաստաթուղթը, «ըստ որի՝ Վրաստանում կարող են նոր ընտրություններ անցկացվել»։

Դեկտեմբերի 23-ին Զուրաբիշվիլին հայտարարեց՝ դեկտեմբերի 29-ից հետո ինքը կլինի «նախագահն իր սիմվոլիզմով, իր պատասխանատվությամբ, իր անկախությամբ»:

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեկտեմբերի 22-ի ասուլիսում հայտարարեց՝ Զուրաբիշվիլին կարող է բանտարկվել դեկտեմբերի 29-ից հետո, եթե նա «կպած մնա» նախագահի նստավայրին և կատարի «քրեական հանցագործություն»: