Դատավոր Լևան Մուրուսիձեն հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում ընդգծում է, որ վերջին մի քանի տարիներին իր հանդեպ քաղաքական դրդապատճառներով արշավ է իրականացվում, այն գագաթնակետին է հասել իր՝ Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի անժամկետ դատավոր ընտրվելու օրերին:
«Այս ընթացքում ինձ վարկաբեկել են խորհրդային քարոզչության լավագույն ավանդույթներով՝ օգտագործելով բոլոր հոգեբանական ահաբեկումները», — գրում է Մուրուսիձեն:
Ըստ նրա՝ ագրեսիվ ու կանխամտածված արշավն իրականացրել է «Միացյալ ազգային շարժումը»:
«Փաստն այն է, որ այդ քարոզչությունը հանգեցրել է հասարակության լայն շրջանակների բացասական վերաբերմունքի: Ես նման անարդարության մեջ չեմ պատրաստվում ապրել», — գրված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի ժամանակ ձերբակալվածներից մեկի դատավորը հենց Լևան Մուրուսիձեն էր, որի կայացրած վճռից ձերբակալվածը հրաժարվել էր՝ ասելով, որ «Մուրուսիձեն չի կարող իմ դատավորը լինել»:
Դատական սկանդալը սկսվեց անցյալ տարեվերջին
2018 թվականի դեկտեմբերի 24-ին Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի նախագահ Գիորգի Միքաուտաձեն կայացած նիստում խորհրդարանին է ներկայացրել Գերագույն դատարանի տասը թեկնածուներին՝ Մարիամ Ցիսակաձե, Նինո Քադագիձե, Միխեիլ Չինչալաձե, Պաատա Սիլագաձե, Դիմիտրի Գվրիտիշվիլի, Մերաբ Գաբինաշվիլի, Նինո Սանդոձե, Թամար Ալանիա, Գիորգի Տկղավաձե և Գիորգի Միքաուտաձե:
Դրանից հետո վրաստանյան շուրջ մեկ տասնյակ ՀԿ-ներ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ Գերագույն դատարանի դատավորների ընտրությունը և դատավորի պաշտոնում Լևան Մուրուսիձեի նշանակումը ի ցույց է դնում դատական համակարգի ողջ ճգնաժամն ու «կլան»-ի ուժի առկայությունը:
Մուրուսիձեն ցանկություն է հայտնել հանդիպել լրատվամիջոցներին ու խորհրդարանականներին։