
Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը դեկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին Ռուսթավելի պողոտայում հանրահավաք կանցկացնի՝ պահանջելով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։
«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Զաալ Ուդումաշվիլին հայտնել է, որ խորհրդարանի շենքի հակառակ կողմում հարթակ է տեղադրվելու և ակցիայի կազմակերպիչները ելույթներ կունենան։
«Ռուսթավելի պողոտան փակ է լինելու։ Ինչ վերաբերում է երթին, ոմանք գալիս են շրջաններից, ոմանք կհավաքվեն ինչ-որ տեղ, այդ առիթով հնարավոր է լինի երթ, կլինեն նաև ելույթներ»,- ասել է Զաալ Ուդումաշվիլին։
Ուդումաշվիլին նաև հայտարարել է, որ անելու են ամեն ինչ՝ Սաակաշվիլիին հնարավորինս շուտ բանտից ազատելու և քաղաքական կյանքում ամբողջությամբ ընդգրկվելու հնարավորություն տալու համար։
Նշենք նաև, որ ակցիային կողմ քաղաքացիները շրջաններից ավտոշարասյունով ընթանում են Թբիլիսի։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր