Խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ լրատվամիջոցները և ընդդիմության ղեկավարները հայտնում են, որ ընտրողներից առգրավում են անձը հաստատող վկայականները, ահաբեկմամբ ձեռք են բերում նրանց ID համարները:
Ընտրությունների ընթացքում նման փաստերը կարող են օգտագործվել ընտրողների կամքի վրա ազդելու կամ ընտրություններին միջամտելու համար:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության Զուգդիդիի գրասենյակի ղեկավար Անա Ծիթլիձեն առաջիններից բարձրաձայնեց խպնդրի առկայության մասին։ Ծիթիձեն գրեթե ամեն օր ճեպազրույց է անցկացնում՝ նշելով այն քաղաքացիների անունները, որոնք ներգրավված են ընտրողներից անձը հաստատող փաստաթղթերի առգրավման սխեմայում։
Ծիթլիձեին, սակայն, հայտնի չէ, թե որքանով է մասշտաբային նույնականացման քարտերի առգրավման երևույթը։ Նրա խոսքով՝ դա հայտնի կլինի ընտրությունների օրը։
«Զուգդիդիում մենք կարողացանք քաղաքացիներին վերադարձնել մինչև 300 նույնականացման քարտ, բայց պարզ չէ, թե իրականում որքան ID քարտ կարող է առգրավվել»,- ասում է Ծիթլիձեն։
Նրա համոզմամբ՝ քաղաքացիները, որոնց նույնականացման քարտերն առգրավվում են, հիմնականում ընդդիմադիր ընտրողներ են։
Անձը հաստատող վկայականը, սակայն, վերցնում են նաև չկողմնորոշված քաղաքացիներից, վերջիններս հիմնականում վստահ չեն, որ «Վրացական երազանքի» ընտրողն են։
«Օրինակ՝ 1 շաբաթ առաջ անձը հաստատող 20 փաստաթուղթ ենք վերադարձրել, դրանցից 15-ն ընդդիմադիր ընտրողներին է պատկանում, 5 հոգու մասին տեղեկատվությունը հստակ չէ։ Հավանաբար վերջիններս կասկածում են, հստակ չգիտեն՝ արդյոք կքվեարկեն «Վրացական երազանք»-ի օգտին»,- ասում է Անա Ծիթլաձեն։
Անձը հաստատող փաստաթղթերը վերցնում են հիմնականում ահաբեկման և կաշառքի միջոցով։
«Միացյալ ազգային շարժման» մեկ այլ անդամ՝ Թամար Կորձաիան, տեղեկություն է տարածել, որ Ծնորի տուն-ինտերնատում առգրավվել են նույնականացման քարտեր, որոնցից 22-ը տարեցի, 9-ը հաստատության աշխատակցի է պատկանում։ Կորձաիայի խոսքով՝ Ծնորի կացարանում առգրավված փաստաթղթերը տեղափոխվել են «Վրացական երազանք»-ի գրասենյակ։
Նույնականացման քարտերի առգրավման մասին տեղեկություն ունի նաև «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը։ Կուսակցությունը տեղեկություն է հավաքում նմանատիպ դեպքերի վերաբերյալ, նախատեսում է դրանք հրապարակել ապացույցներով:
Բացի անձը հաստատող փաստաթղթերի առգրավումից, տեղեկություն է տարածվում, որ «Վրացական երազանքի» համակարգողները քաղաքացիների անձնական համարներն են վերցնում։
Քաղաքացիներից նույնականացման քարտերնառգրավելու համար, որպես կանոն, կա երկու պատճառ՝
- Ընդդիմությունը կամ իշխող ուժին ձայն տվողները չգնան ընտրության
- «Կարուսել»-ի իրականացում
Ընտրություններին մասնակցելու համար քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող վկայական կամ վավեր անձնագիր, ընտրատեղամաս պետք է ներկայանան այս երկուսից մեկով։
Անա Ծիթլիձեն ասում է, որ շրջանների բնակիչների մեծ մասը, որոնց նույնականացման քարտերն ահբեկմամբ առգրավվում են, անձնագիր չունեն։ Հետևաբար, վերոնշյալ քաղաքացիները չեն կարող մասնակցել ընտրություններին։
Ծիթլիձեն խորհուրդ է տալիս քաղաքացիներին հրապարակային խոսել այդ մասին։ Նրա խոսքով՝ մարդիկ պետք է իմանան, որ անձը հաստատող փաստաթուղթն առգրավելը քրեորեն պատժելի արարք է։
«Վրաստանի ողջ տարածքում կան բազմաթիվ դիտորդական առաքելություններ։ Մենք կարող ենք պաշտպանել յուրաքանչյուրին: Մենք պետք է տեղեկատվություն տրամադրենք։ Սա կանգնեցնելու միակ ճանապարհն անունները հրապարակայնորեն հնչեցնելն է»,- ասում է Ծիթլիձեն։