Վրաստանի միասնական ընդդիմության ներկայացուցիչները Միացյալ ազգային շարժում կուսակցության գրասենյակում հանդիպումից հետո հայտարարությամբ են հանդես եկել, որի ընթացքում ընդգծել են՝ նախատեսված մասշտաբային ցույցերը կհետաձգվեն մինչև մարտի 20-ը: Վաղվա համար նախատեսված ցույցը, որի ընթացքում պետք է արգելափակվեր կառավարության շենքը, կվերափոխվի ավտոերթի: Ավտոերթով ցուցարարները կշարժվեն դեպի Ռուսթավի, որտեղի բանտում է կալանավորված ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիան:
«Որպեսզի իշխանությունը բանակցությունները ընդհատելու պատճառ չունենա, որոշում ենք կայացրել ժամանակավորապես հետաձգել շենքերի արգելափակման ցույցերը: Սրա նպատակն է նաև առավելագույն կերպով խուսափել ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներից»,- հայտարարել է ՄԱՇ-ի անդամ Թինա Բոկուչավան:
Հիշեցնենք՝ ԵԽ նախագահ Շարլ Միշելի նախաձեռնած երկխոսության հաջորդ փուլը տեղի կունենա Բրյուսելում, մարտի 15-ին, որտեղ կողմերը կարձանագրեն երկխոսության արդյունքում եղած առաջընթացը:
ՀԻշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը կայացել էր մարտի 1-ին. Շարլ Միշելը վեց կետ էր առաջարկել, որի շուրջ կողմերը համաձայնել էին: Կետերից մեկը ենթադրում էր արտահերթ ընտրություններ անցնկացնելու, Մելիային ազատելու վերաբերյալ քննարկումներ: Հանդիպման հաջորդ օրը, սակայն, ընդդիմությունն անցկացրեց խորհրդարանի շենքի արգելափակման՝ նախապես ծրագրված ակցիան: Ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ էին եղել, բերման էին ենթարկվել տասնյակ ցուցարարներ: Ցույցից հետո իշխանությունը, վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորությամբ հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների մասին խոսք չի կարող լինել: Ընդդիմությունը գտնում է, որ Միշելի հետ հանդիպումից հետո իշխանությունը քննարկել է կետերը Բիձինա Իվանիշվիլիի հետ, ով արգելել է անդրադառնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցին :