Ընդդիմությունը «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ցույցին է

Ընդդիմությունը միացել է Թբիլիսիում հոկտեմբերի 20-ին մեկնարկած «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ցույցին:

«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն երթի մեկնարկից առաջ հայտարարել է, որ ոչինչ չի կարող խոչընդոտել ազատությանը և մարդկանց ընտրությանը:

«Մնացել է ընդամենը հինգ օր, և հինգ օրից մենք այս կառավարությունը կուղարկենք այնտեղ, որտեղ իսկապես իրենց տեղն է՝ դեպի Ռուսաստան: Այս երկիրը կընտրի այն ճանապարհը, որը մեր ազգային ընտրությունն է: Սա եվրոպական ընտրություն է, Սահմանադրության ընտրություն, իսկ ինչ այժմ տեսնում եք՝ ժողովրդի արտահայտությունն է»,- ասել է Խազարաձեն:

«Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան երթից առաջ հայտարարել է, որ, սա վերջին նախազգուշացումն է Բիձինա Իվանիշվիլիին ընտրություններից առաջ, որ վրաց ժողովուրդը չի հրաժարվի եվրոպական ապագայից:

Ըստ նրա, վրաց ժողովուրդը չի հրաժարվի պատմական ընտրությունից՝

«Այս երթը շատ կարևոր է մեր երկրի եվրոպական ապագայի համար: Սա վերջին նախազգուշացումն է Բիձինա Իվանիշվիլիին ընտրություններից առաջ, որ վրաց ժողովուրդը չի հրաժարվի եվրոպական ապագայից: Ես մեծ հույս ունեմ, որ քաղաքացիները կմիանան մեզ: Մեզ համար այսօր կարևոր է կանգնել Վրաստանի քաղաքացիների կողքին, քանզի յուրաքանչյուր քաղաքացի որոշում է մեր երկրի, մեր երեխաների և եվրոպական ապագայի ճակատագիրը»,- ասել է նա:

«Կոալիցիա փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան նույնպես դիմել է հանրությանը:

Նրա խոսքով ԵՄ-ին միանալու ցանկությունը միավորում է ոչ միայն վրացի ժողովրդին, այլև նրանց անցյալը, ներկան և ապագան:

«Այժմ մենք գնում ենք Ազատության հրապարակ, իսկ երկիրը՝ դեպի Եվրոպա: Այս օրը համախմբված է, քանի որ այս ցանկությունը միավորում է ոչ միայն վրացի ժողովրդին, այլև նրանց անցյալը, ներկան և ապագան», — ասել է Նիկա Գվարամիան, հորդորելով ժողովրդին՝ մասնակցել ընտրություններին և ցույց տալ, որ Վրաստանը ընտրում է Եվրոպան:

«Վրաստանն ընտրում է Եվրամիությունը». այս խորագրով հանրային երթը մեկնարկել է Թբիլիսիում 5 վայրից։ Քաղաքացիները հավաքվել են Մարջանիշվիլիի հրապարակում, 300 Արագվելիում, Ամաղլեբաի փողոցում, Հերոսների հրապարակում և Հանրապետության հրապարակում և այժմ երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ։