Վրաստանի ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն արձագանքում են Վրաստանի չլեգիտիմացված կառավարության նոյեմբերի 28-ի որոշմանը, ըստ որի` Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։
«Միասնություն — Ազգային շարժում» կոալիցիայի առաջնորդ Թինա Բոկուչավան կարծում է, որ «Վրացական երազանք»-ը պարզապես փորձել է խորամանկել` մինչ Եվրամիությունը կխզեր հարաբերությունները Վրաստանի հետ:
«Վրացական երազանք» կոչեցյալ ռուսական մղձավանջը գիտեր, որ Եվրախորհրդարանի ամենակոշտ բանաձեւից հետո ժամանելու է ԵՄ առաքելությունը, որը կբացահայտի, որ հոկտեմբերի 26-ին նրանք ռուսական հատուկ գործողություն են իրականացրել վրաց ժողովրդի դեմ։ Դրա պատճառով նրանք կայացրին այս որոշումը և դադարեցրին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Ի՞նչ ենք անում մենք: Կա՛մ կռվում ենք, կա՛մ հանձնվում Ռուսաստանին, ընտրությունը մերն է», — գրել է նա։
Նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիայի խոսքով, կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան կուրսը։
«Կեղծված ընտրություններից հետո մի շարք հակասահմանադրական որոշումների ընդունմամբ «Երազանք»-ը հայտարարեց երկրի արևմտյան կուրսի պաշտոնական փոփոխության մասին, որը հնչեցրեց ոչ լեգիտիմ վարչապետ Կոբախիձեի լեզվով։ Հասկանալի է, որ երկրի շահերի համար այս դավաճանական քայլի հետևում կանգնած է Բիձինա Իվանիշվիլին, բայց բոլորը պետք է հասկանան, որ այս դավաճանությանը մասնակից ոչ մի անձ չի կարող խուսափել ազգային շահերի դեմ ուղղված այս ծանրագույն որոշման պատասխանատվությունից»,- գրել է Գախարիան:
«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ Նիկա Գվարամիայի խոսքով, իշխող թիմը հրաժարվել է ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից:
«Սպասում էինք Յանուկովիչին, ստացանք Յանուկովիչից շատ ավելի վատը: Վրացական խունտան, ի դեմս Կոբախիձեի, բացահայտ ու միանշանակ հրաժարվեց Եվրամիությունից ու ՆԱՏՕ-ից։ Հուսով եմ՝ բոլորի համար պարզ է, որ մայիսի 9-ին ռուսների շքերթին կկանգնի ոչ լեգիտիմ նախագահը»,- գրել է նա։
«Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդ Մամուկա Խազարաձեն նշել է՝ այս քայլով կառավարությունը «դե ֆակտո ճանաչել է այն, ինչ անում է տարիներ շարունակ»։
«Ամեն ինչ իր անունն ունի»,- ասել է Խազարաձեն։
Նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։
«Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել