Ընդդիմությունը պետք է մասնակցի ՏԻՄ ընտրություններին. ՊՆ նախկին նախարար

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար և ՄԱԿ-ում Վրաստանի նախկին դեսպան Իրակլի Ալասանիան Radiotavisupleba լրատվամիջոցի «2150» փոդքաստում ասել է, որ ընդդիմադիր կուսակցությունները պետք է մասնակցեն հաջորդ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։

Ալասանիան նշել է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններն անպայման լինելու են «փոփոխությունների ընտրություններ»։

«Չեմ կարող ասել, թե երբ կնշանակվեն խորհրդարանական ընտրությունները: Ընտրությունները կանցկացվեն բոլոր տարբերակներով, և հասարակությունը պետք է լրջորեն պատրաստվի դրան: Բոլոր տարբերակներով հաջորդ խորհրդարանական ընտրությունները կլինեն փոփոխությունների ընտրություններ», — հավելել է ՊՆ նախկին ղեկավարը:

Խոսելով վրաստանյան շարունակվող բողոքի ակցիաների մասին նա ասել է, որ, իր կարծիքով, ինչ-որ պահի այն «պետք է վերածվի քաղաքական գործընթացի».

«Կարծում եմ, որ ինչ-որ պահի փողոցային բողոքի ակցիաները պետք է վերածվեն բանակցությունների և քաղաքական գործընթացի, շեշտը պետք է դրվի կոնկրետ նպատակների վրա: Ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա»:

Արդեն 86 օր է՝ նոյեմբերի 28-ից, Թբիլիսիում և այլ քաղաքներում ընթանում են եվրոպամետ ցույցեր։ Բողոքի շարունակական ալիքը հաջորդեց «Վրացական երազանք»-ի այն հայտարարությանը, թե իրենք որոշել են մինչև 2028 թվականը օրակարգ չբերել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների բացման հարցը։

Ցուցարարներն իրենց բողոքն արտահայտում են երթերով և ելույթներով։ Նրանք պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ձերբակալվածներին: