«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր քաղաքական միավորումը, որի կազմում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել միջանկյալ խորհրդարանական, ինչպես նաև ՏԻՄ ընտրություններին:
Խորհրդարանական միջանկյալ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունն առաջ է եկել այն բանից հետո, երբ Մթածմինդայի ընտրատարածքից մեծամասնական պատգամավոր Սալոմե Զուրաբբիշվիլին ընտրվեց երկրի նախագահ՝ թողնելով պատգամավորական մանդատը:
Բացի այդ, այս տարի երկրի 7 շրջաններում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների միջանկյալ ընտրություններ։ Քաղաքապետի կընտրեն Զուգդիդիում, Ճիաթուրայում և Խուլոյում, իսկ սակրեբուլոյի առանձին պատգամավորներ՝ Ախմետայի, Ադիգենի, Օզուրգեթիի, Ճիաթուրայի, Տկղիբուլիի և Ծկղալթուբոյի շրջաններում:
«Մենք քննարկել ենք, թե ինչ ռազմավարությամբ կմասնակցենք ընտրություններին»,- հայտարարել է «Միավորված ընդդիմություն» քաղաքական միավորման առաջնորդներից, նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն:
Վրաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, Վրաստանում միջանկյալ ընտրությունները պետք է կայանան 2019-ի մայիսին: