Վրաստանի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը, պատրաստակամություն է հայտնում համագործակցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Եվրամիության 12 հանձնարարականների իրականացման գործում։ Այս մասին խորհրդարանում նախագահի ելույթից հետո ասել է ՄԱՇ-ի պատգամավոր Լևան Բեժաշվիլին:
Բեժաշվիլին նկատել է՝ նախագահն օբյեկտիվ գնահատականներ է հնչեցրել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Մենք կընդունենք նաև տիկին նախագահի քննադատությունը ընդդիմության նկատմամբ, թեև այս երկրի հիմնական խնդիրը իշխանության վարած քաղաքականությունն է, քանի որ Վրաստանի զարգացման և քաղաքական գործընթացների իրականացման ողջ պատասխանատվությունն այսօր կրում է իշխանությունը»,- ասել է պատգամավորը։
Ըստ Բեժաշվիլիի՝ պետությանն անհրաժեշտ է նախագահ, որը ոչ միայն քաղաքական մեկնաբան կլինի, այլ նաև Սահմանադրության պաշտպան։ Նրա խոսքով, եվրոպական հեռանկարի շուրջ հասարակության համախմբումը պահանջում է ապաբևեռացում:
Բեժաշվիլիի կարծիքով, առանց բանտարկված երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և «Մթավարի արխի»-ի հիմնադիրի Նիկա Գվարամիայի ազատ արձակման անհնար է պատկերացնել ապաբևեռացումը: