«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն «Առաջին ալիքի» եթերում խոսել է Վրաստանի՝ Եվրամիության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստալու հնարավորության մասին։ Նա նշել է, որ եթե Վրաստանում պատերազմ սկսվի, ապա թեկնածուի կարգավիճակը երաշխավորված կլինի։
«Աստված մեզ պահապան լինի, եթե ենթադրենք, որ Վրաստանում պատերազմ սկսվի դեկտեմբերի վերջին, թեկնածուի կարգավիճակը երաշխավորված կլինի, թեև հավանաբար կհամաձայնեք, որ հաստատ չարժե նման կերպով թեկնածուի կարգավիճակ ստանալ», — ասել է նա և հավելել, — «Ընդդիմությունը կգնար այդ քայլին, և իրենք ամեն ինչ անում են դրա համար, բայց մենք՝ ոչ մի դեպքում։
Եթե Ուկրաինայում պատերազմն ավարտվի մինչև դեկտեմբեր, ապա այն էմոցիոնալ ֆոնը, որը ստիպեց Վրաստանի դեպքում ընդունել հակառակ որոշում, կվերանա․ որոշակի էմոցիոնալ ֆոն կար, ինչի պատճառով Ուկրաինային ու Մոլդովային տրվեց թեկնածուի կարգավիճակ, իսկ մեզ՝ ոչ»։
«Մեզ համար դժվար կլինի որոշել, թե ի վերջո ինչ որոշում կկայացնեն Եվրամիությունը և Եվրախորհուրդը, թեև մենք կարող ենք քաղաքացիներին խոստանալ, որ բոլոր տասներկու կետերը կկատարենք», — ասել է Կոբախիձեն։
Կուսակցության նախագահի խոսքով՝ հունիսի 23-ին Եվրոպական խորհրդի ընդունած որոշումից հետո Եվրամիությունն ավելի մեծ պատասխանատվություն ունի Վրաստանի նկատմամբ։
«Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանին պաշտոնապես տրվել է եվրոպական հեռանկար, որի համար երկիրը տարիներ շարունակ պայքարում էր, Եվրամիությունն ավելի մեծ պատասխանատվություն ունի որոշում կայացնելու՝ անկախ աշխարհագրական գործոնից»,- ընդգծել է նա։