Ընդդիմությունը պահանջում է պատժել բռնություններ կատարողներին

Հոկտեմբերի 26-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են պատասխանատվության ենթարկել եվրոպամետ հանրահավաքների ժամանակ բռնություններին մասնակցած իրավապահներին, անհապաղ ազատ արձակել բերման ենթարկվածներին։

Նրանք համատեղ հայտարարությունն արել են Բաթումիում կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք գործ ունենք Վրաստանի համար շատ ողբերգական իրադարձությունների հետ, երբ մեր, այսպես կոչված` իրավապահները զանգվածային տեռոր են անում, ահաբեկում են մարդկանց, ֆիզիկական բռնության ենթարկում նրանց։ Այն փաստերը, որ մենք լսում ենք, ապշեցնում են», — ասել է «Ազատության հրապարակ» շարժման հիմնադիր հիմնադիր, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Լևան Ցուցքիրիձեն։

Նրա խոսքով, «քաղբանտարկյալներն անպայման ազատ կարձակվեն, քանի որ նրանք հետապնդվում և բանտարկվում են քաղաքական հողի վրա։

Ըստ ընդդիմության հայտարարության՝ տարբեր կուսակցությունների, քաղակտիվիստների գրասենյակներում և բնակարաններում տարվող քննչական գործողություններով «Վրացական երազանք»-ը փորձում է հասարակությանը համոզել, թե երկրում կա դավադրություն՝ անկարգություններ ստեղծելու և բռնություն հրահրելու նպատակ։

Ընդդիմադիր կուսակցությունները նոր ընտրություններ անցկացնելու անփոփոխ պահանջ են ներկայացրել։

Արդեն ութ գիշեր է, ինչ Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի դիմաց ցույցեր են տեղի ունենում։

Նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության պատճառով քաղաքացիները պահանջում են կառավարության հրաժարականը և նոր ընտրություններ։

«Վրացական երազանք»-ում որոշել են մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չբերել Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը՝ հրաժարվելով նաև ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։