Ընդդիմությունը նոյեմբերի 4-ին բողոքի ցույց կանցկացնի

Վրաստանյան երեք ընդդիմադիր ուժեր նոյեմբերի 4-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույց կանցկացնեն:

«Ուժեղ Վրաստան» կոալիցիան, «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը և «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդները «Լելո» կուսակցության գրասենյակում հոկտեմբերի 31-ին կայացած համատեղ ճեպազրույցում հայտարարել են, որ իրենց նպատակն է՝ հաղթանակը վերադարձնելու արդյունքին միտված մտածված գործողություններ կատարելը:

Նրանց խոսքով, ստեղծվել է համակարգող շտաբ, որտեղ հասարակության բոլոր ակտիվ խմբերը հնարավորություն կունենան մասնակցել գործողությունների պլանավորմանը։

Բացի այդ, ըստ նրանց՝ իրենք աշխատում են նաև միջազգային գործընկերների հետ «կեղծիքի սխեմաներ»-ը բացահայտելու և ներկայացնելու համար։ Ասել են՝ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են այդ սխեմաներին, նույնպես կբացահայտվեն և կպատժվեն։

Ընդդիմադիր քաղաքական կուսակցության առաջնորդների խոսքով, ցույցը կանցկացվի Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում նոյեմբերի 4-ի երեկոյան ժամը 19:00-ին։

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքներով` առաջին տեղում է իշխող «Վրացական երազանք»-ը՝ 53,931 տոկոսից ավելի ձայներով։ 5 տոկոսի շեմը հաղթահարել են չորս ընդդիմադիր քաղաքական միավորումներ. «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,035 տոկոս, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,167 տոկոս, «Ուժեղ Վրաստան»՝ 8,81 տոկոս, «Վրաստանի համար»՝ 7,768 տոկոս:

Ընդդիմադիր կուսակցություններն ու Վրաստանի նախագահը չեն ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիի պողոտայում նրանք ցույց են արել՝ նոր ընտրություններ պահանջելով, Զուրաբիշվիլին երդվել է մինչև վերջ ժողովրդի կողքին մնալ: Փորձագետներն ասում են՝ ընտրությունների ճակատագիրը որոշվել է ընտրություններից շատ առաջ:

Դիտորդական կազմակերպությունների տվյալներով՝ ընտրությունների օրը և նախընտրական շրջանում նկատվել են քվեաթերթիկների լցոնման դեպքեր, «կարուսել», մատնանշման, քվեարկության գաղտնիության խախտումներ և այլն:

Միջազգային հանրության, արևմտյան գործընկերների հիմնական կոչն է՝ ուսումնասիրել ընտրախախտումները։

Անցկացված ընտրությունների վերաբերյալ նախնական գնահատականներ է տվել նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։ Նրանց գնահատմամբ՝ ընտրությունների օրը եղել են խախտումներ, հաճախ խախտվել է քվեարկության գաղտնիությունը, եղել են նաև ընթացակարգային անհամատեղելիություններ։