Վրաստանի խորհրդարանի ընդդիմության ներկայացուցիչները հանդես են գալիս եվրոպական ապագան փրկելու համար միասնական շարժում կամ հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։ Այսօր՝ մարտի 3-ին տեղի ունեցած ընդդիմադիր «Լելո» կուսակցության նիստի ժամանակ առաջնորդ Մամուկա Խազարաձեն ասել է, որ քաղխորհրդի որոշմամբ՝ «Այսօր, առավել քան երբևէ, միավորման ժամանակն է»։
«Ուզում եմ ձեզ ասել, որ «Լելոյի» քաղխորհուրդը որոշել է ստեղծել վրաց հասարակության դիմադրության շարժում, որպեսզի թույլ չտա Վրաստանին շեղվել Եվրամիության անդամ դառնալու իր պատմական ընտրությունից։
Երկրորդ՝ այդ նպատակով «Լելոն» սկսում է ակտիվ համագործակցություն վրաց հանրության, հասարակական և քաղաքական բոլոր խմբերի հետ, որոնք կիսում են այդ խնդիրը», — ասել է Մամուկա Խազարաձեն։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» և «Օտարերկրյա գործակալների գրանցման» մասին աղմկահարույց օրինագծերը խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Օրինագծերից առաջինը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։
Երկրորդը, ԱՄՆ-ում նացիստական քարոզչությունը կանխելու համար 1938 թվականին ընդունված ամերիկյան FARA օրենքի թարգմանությունն է, որը վերաբերում է օտարերկրյա լոբբիստական կազմակերպություններին և լոբբիստներին։
Ընդգծենք՝ օրինագծերը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ:
Հավելենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովները հավանություն են տվել օրինագծերին: Նիստն անցել է պատգամավորների միջև ծեծկռտուքի և բողոքի ակցիաների ֆոնին։