
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունում հնարավոր է նախատեսված ներքին ընտրությունները հետաձգվեն։
ՄԱՇ-ի քաղխորհրդի անդամ Գիորգի Բարամիձեն հայտնել է, որ ամենակարևորը կուսակցության հիմնադիր, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հարցի լուծումն է, և եթե դրա համար անհրաժեշտ լինի հետաձգել ընտրությունները, ապա քաղխորհուրդը կգնա այդ քայլին։
«Եթե Սաակաշվիլիի առողջական վիճակի և դատական գործընթացի հետ կապված անհրաժեշտություն առաջանա ընտրությունները հետաձգել 1-2 օրով կամ ավելի երկար, ապա այս որոշումը, իհարկե, կընդունի ՄԱՇ-ի քաղխորհուրդը», — ասել է Բարամիձեն։
ՄԱՇ-ի մեկ այլ անդամ Գիորգի Բոտկովելին էլ շեշտել է՝ կուսակցությունում ընտրությունները պետք է անցկացվեն որքան հնարավոր է շուտ։
Կուսակցության անդամ Խատիա Դեկանոիձեի խոսքով էլ, Միխեիլ Սաակաշվիլիին փրկության հարցը կարևոր է բոլորի համար, ուստի կուսակցությունում քննարկման կդրվի ընտրությունները հետաձգելու հարցը։