
Վրաստանյան ընդդիմության առաջնորդները քննադատում են նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի (ՆԳ) նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի այցը խորհրդարանում «Վրացական երազանք»-ի կողմից ստեղծված ժամանակավոր քննչական հանձնաժողով։
Ընդդիմության որոշ անդամներ ընդգծել են 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ կուսակցությունների պայմանավորվածությունը «Դիմադրության հարթակ»-ի շրջանակներում, ըստ որի` իրենք չեն մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քանի որ վերջինիս լեգիտիմ չեն համարում։ Ոմանք քննադատել են նաև հանձնաժողովում Գախարիայի ելույթի բովանդակությունը։
«Լելո»/«Ուժեղ Վրաստան»
«Լելո»/«Ուժեղ Վրաստան»-ի ղեկավարներից Մամուկա Խազարաձեն, արձագանքելով Գախարիայի այցին հանձնաժողով, գրել է. «Երբ մասնակցում ես ֆարսի, դու ֆարսի մի մասն ես դառնում: Խորհրդարանին և հանձնաժողովին մասնակցելը «կատարված երազանք է», — գրել է Խազարաձեն։
«Միացյալ ազգային շարժում»
Գախարիային քննադատել է նաև ՄԱՇ-ի առաջնորդներից Լևան Խաբեիշվիլին: Խաբեիշվիլին, որ ապրիլի 12-ին գրել էր, թե «այդ հանձնաժողովը հակասահմանադրական է, և այդ, այսպես կոչված, խորհրդարանը բացարձակապես անօրինական է», բայց նաև հայտարարել էր` «ինչ-որ մեկը պետք է նրանց դեմ առ դեմ ասի, որ խոշտանգված երիտասարդներին հասցված յուրաքանչյուր վերքի համար ինքը, Իվանիշվիլին և նրա բանդան են պատասխանատու»:
«Ախալի»/«Կոալիցիա փոփոխությունների համար»
«Ախալի»/«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիան սահմանափակվել է ավելի կարճ արձագանքով. «Հանգստացեք, երկուսդ էլ հանգստացեք»:
Նույն կոալիցիայի մեկ այլ առաջնորդ՝ Նիկա Մելիան, ընդգծել է Զուրաբիշվիլիի շուրջ ստեղծված պլատֆորմի նշանակությունը և ասել, որ երկու վիճելի հարց է եղել, որոնց շուրջ կողմերը պետք է պայմանավորվեին:
«Քննչական հանձնաժողովին մասնակցել/չմասնակցելը, որն իբր համաձայնեցված է,
ՏԻՄ ընտրություններին մասնակցել/չմասնակցելը, որի շուրջ համաձայնություն չի կայացել:
Հաղթանակի կարելի է հասնել միայն դիրքորոշման հստակության շնորհիվ: Հիմա մենք բոլորս գնահատում ենք Գախարիային՝ հիմք ընդունելով նրա արտահայտած դիրքորոշումը», — գրել է Մելիան։
«Ֆեդերալիստներ»
«Ֆեդերալիստներ»-ի համահիմնադիր Թամար Չերգոլեիշվիլին գրել է, որ «սկզբունքորեն սխալ է խորհրդարանն անվանել ոչ լեգիտիմ և լեգիտիմություն տալ այդ խորհրդարանի քննչական հանձնաժողովին»։ Նաև գրել է, թե «հիմնական խնդիրն այն է, որ պայմանավորվածությունը խախտվել է»:
«Երբ մենք պայմանավորվեցինք, Գախարիայի ներկայացուցիչն ասաց, որ չի հասկանում Բիձինայի նպատակը՝ քննչական հանձնաժողովի միջոցով բոլորին նույն կաթսայի մեջ գցելը։ Նա չէր կարծում, որ Գախարիային նույնպես կկանչեն, ուստի համաձայնեց։ Ես սխալվել եմ Գախարիայի հետ պայմանագիրը որպես համաձայնություն ընդունելով և ապագայում չեմ կրկնի», — գրել է նա։
Ըստ Չերգոլեիշվիլիի՝ «ստացվում է, որ ընդդիմադիր քաղաքական սպեկտրը անհետևողական է և չի հարգում իր խոսքը», և «եթե դա չլիներ, Բիձինայի ռեժիմն այսքան երկար չէր դիմանա»։
Գախարիայի դիրքորոշումը
Գիորգի Գախարիան ապրիլի 14-ի ժամը 12:00-ին հրավիրվել է հանձնաժողովի նիստին։ Սկզբում կուսակցությունը հայտարարել էր, որ Գախարիան այդ ժամանակ կուսակցության համար նախատեսված ճեպազրույց է տալու, սակայն երկուշաբթի առավոտյան հայտնի դարձավ, որ ճեպազրույցը հետաձգվել է, և Գախարիան ներկայանալու է հանձնաժողովին։
Նախկին վարչապետն ընդգծել է, որ չի ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը և ասել, որ հանձնաժողովը հիբրիդային պատերազմ է մղում սեփական քաղաքացիների դեմ՝ որպես օրինակ բերելով ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի պատմությունը։
«Ես տեսնում եմ, որ դուք օգտագործում եք այս հանձնաժողովը հիբրիդային պատերազմի, Վրաստանի քաղաքացիների վրա տեղեկատվական և հոգեբանական ճնշումների համար… Եթե ես ճանաչեի այս հանձնաժողովը, մենք այստեղ ունենք երկու տեղ, և մեր ներկայացուցիչները կլինեին այստեղ», — ասել է Գախարիան։
Ավելի ուշ Գախարիայի կուսակցության առաջնորդներից Անա Բուչուկուրին TV Pirveli-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենք Զուրաբիշվիլիի շուրջ «Դիմադրության հարթակ»-ի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնել են այսպես. «Մեր թիմն ասում էր, որ հանձնաժողով գնալու հարցը… կոլեկտիվ ընդունման որոշում չէր, դա անհատական որոշում էր… Այս հարթակի անդամներին հայտնի էր մեր դիրքորոշումը, ըստ որի` հանձնաժողով գնալը մեզ համար անհատների որոշում է»։
Բուչուկուրին նաև ասել է, որ Գախարիայի կուսակցությունը համաձայն է Զուրաբիշվիլիի շուրջ ստեղծված պլատֆորմի հետ միայն երկու հարցում.
- Քաղբանտարկյալների խնդիրը` թիվ մեկ առաջնահերթություն;
- Եվրոպական ինտեգրացիա. սա ներառում է նոր ընտրություններ:
Հանձնաժողովի մասին
ՄԱՇ-ի կառավարության գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովը «Վրացական երազանք»-ը ստեղծել է 2025 թվականի փետրվարի 5-ին:
Մարտի 27-ին «Վրացական երազանք»-ն ընդլայնեց հանձնաժողովի լիազորությունները, և վերջինս այլևս չսահմանափակվեց ՄԱՇ-ի խնդրի քննարկմամբ։ Որոշվեց, որ հանձնաժողովն ուսումնասիրելու է մինչև 2024 թվականը ներառյալ իրադարձությունները:
Հենց ընդլայնված մանդատի շրջանակներում է Գախարիան հրավիրվել նիստին և հարցեր ուղղել 2019 թվականի հունիսի 20-ի (այսպես կոչված՝ Գավրիլովի գիշերվա), նաև տարբեր այլ հարցեր են քննարկվել։
Եվս մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք հրավիրվել էին հանձնաժողով, չէին ներկայացել, ինչի պատճառով էլ «Վրացական երազանք»-ի կառավարության օրոք նրանց սպառնում է ազատազրկում։ Նրանցից մի քանիսի նկատմամբ դատախազությունը գործ է հարուցել, իսկ դատարանը գրավ է կիրառել։ Նրանց թվում են Մամուկա Խազարաձեն, Բադրի Ջափարիձեն, Իրակլի Օքրուաշվիլին և այլք։