Ընդդիմությունը կասկածում է ԵԽ գլխավոր քարտուղարի բարեխղճությանը

2024 թվականի խորհրդարանական ընտրությունների շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները կասկածում են Վրաստան այցելած Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի բարեխղճությանը:

Ընդդիմությունը դիմել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին և Նախարարների կոմիտեին՝ քննարկելու այցի ընթացքում Ալեն Բերսեի գործողությունների բարեխղճությունը և Եվրոպայի խորհրդի հիմնադիր սկզբունքներին համապատասխանության հարցը։

«Այսպիսի ժամանակահատվածում նրա այցը և ամփոփ հայտարարության բովանդակությունը, ըստ էության՝ անպատասխանատու էին և չեն համապատասխանում Եվրոպայի խորհրդի ոգուն, այս ինստիտուտի սկզբունքներին ու արժեքներին։ Սա ամենևին չի համապատասխանում Վրաստանում այսօր տիրող սարսափելի իրավիճակին և օրինական հարցեր է առաջացնում այս այցի իրական դրդապատճառների վերաբերյալ», — ասված է «Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնություն — ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» կոալիցիաների և «Վրաստանի համար» կուսակցության համատեղ հայտարարության մեջ:

Ըստ ընդդիմության՝ Բերսեի ամփոփիչ ասուլիսը պարունակում էր ուղերձներ, որոնք ոչ թե ծառայում են ճգնաժամի մեղմմանը, այլ ընդհակառակը` սրում են իրավիճակը երկրում և խրախուսում «Վրացական երազանք»-ի իրականացրած բռնությունները:

«Այս ծայրահեղ իրավիճակում միանգամայն անընդունելի ու անտեղի է խոսել, այսպես կոչված, ռուսական օրենքի մեջ ինչ-որ օրենսդրական փոփոխություններ կատարելու և այն «մեղմացնելու» կամ ոչ լեգիտիմ խորհրդարանի և կառավարության պայմաններում այդ նպատակով որևէ աշխատանքային խումբ ստեղծելու փորձի մասին», — ասված է հայտարարության մեջ։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները սկսեցին քննադատել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ «Վրացական երազանք»-ից խոստացել են փոխել «գործակալների օրենք»-ը, և այդ նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի:

Նախագահը, ընդդիմությունն ու քաղհասարակությունը քննադատում են Բերսեին