Թբիլիսիի սակրեբուլոյում ներկայացված ընդդիմադիր և անկախ պատգամավորները մայրաքաղաքի քաղաքապետին հրավիրում են արտահերթ նիստի։
Ընդդիմության խոսքով, հանդիպումը կկայանա հոկտեմբերի 31-ին, և հույս ունեն, որ Թբիլիսիի քաղաքապետը կպատասխանի մայրաքաղաքի անվտանգությանը վերաբերող հարցերին։
Ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ, Վակեի այգում տեղի ունեցած ողբերգությունից հետո Կախա Կալաձեին հարցեր ունեն:
«Մի քանի օր առաջ մեծ ողբերգություն է տեղի ունեցել մեր քաղաքում: Ողբերգություն, որը ցնցեց բոլորիս: Ցավոք, մեր քաղաքում կյանքն այլևս ապահով չէ։ Մենք բազմաթիվ հարցեր ունենք մայրաքաղաքի քաղաքապետին և իրավունք ունենք նրան հրավիրելու քաղաքապետարան։
Պարոն Կախա, մենք սպասում ենք ձեզ սակրեբուլոյում, որպեսզի բոլոր հարցերի պատասխանը տրվի, և մեր քաղաքի, երեխաների ու քաղաքացիների մասին հոգալը չհամարեք քաղաքական շահարկում, քանի որ դա մեր պարտավորությունն է»,- ասել են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։
Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեն երեկ ասել է, որ ինքը կգնա սակրեբուլո, երբ «անհրաժեշտ լինի», իսկ հարցերին կպատասխանի, երբ «հարմար պահը լինի»։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է:
Հոսանքահարվելու հետևանքով դեռահասի մահից հետո քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ և ցույց ու մոմավառություն կազմակերպել:
Ցավալի լուրին արձագանքել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին, ընդդիմադիր, քաղաքական և փորձագիտական շրջանակները:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը ցավակցական հեռագիր է հղել Թբիլիսիի Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
Հարկ է նշել, որ Վակեի այգու վերանորոգված շատրվանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: Այգու շատրվանների վրա «Գրինսերվիս+» ընկերությունը 13 մլն լարիի վերականգնողական աշխատանքներ է կատարել։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ ավարտված աշխատանքների վերջին ստուգումն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի 29-ին։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անվտանգության կանոնների խախտմանը, ինչը հանգեցրել է առողջությանը նվազ ծանր կամ ծանր վնասի։
Վակեի միջադեպի գործով ինն անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը