
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը մեծամասշտաբ հանրահավաք է պատրաստվում անցկացնել՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով:
Հանրահավաքի մասին որոշումն ընդունվել է կուսակցության քաղաքական խորհրդի նիստում, սակայն պատգամավոր Թինա Բոկուչավայի խոսքով՝ ակցիայի անցկացման օրվա հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են:
«Թբիլիսիում մեծ հանրահավաք կլինի: Կոնկրետ օրվա մասին կտեղեկացնենք առաջիկայում», — ասել է Բոկուչավան:
Նա հույս է հայտնել, որ ի պաշտպանություն կուսակցության հիմնադիր, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, ցույցին կմիանան նաև մյուս ընդդիմադիր ուժերը:
Սաակաշվիլին ձերբակալվել է Թբիլիսիում՝ հոկտեմբերի 1-ին: Նա պահվում է Ռուսթավի քրեակատարողական հիմնարկում։ Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու փաստի առիթով։