Վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնություն — Ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիաներն ու «Վրաստանի համար» կուսակցությունը, համատեղ հայտարարութուն են տարածել։
Ընդդիմությունը նշել է այն պահանջները, որոնք պետք է կատարվեն ճգնաժամից դուրս գալու համար։
«Մենք՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններում հաղթած քաղաքական կուսակցություններս, ևս մեկ անգամ հստակ նշում ենք Բիձինա Իվանիշվիլիին ներկայացվող պահանջները, որոնց կատարումն անհրաժեշտ է ճգնաժամից դուրս գալու համար.
- Անհապաղ ազատ արձակել ցույցերի ընթացքում անօրինական ձերբակալված բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել նրանց դեմ հարուցված բոլոր գործերը:
- Նշանակել նոր ընտրություններ, որոնք կանցկացնի նոր, անկախ ընտրական վարչությունը` իրավապահ մարմինների քաղաքական չեզոքության պայմաններում։ Վրաստանի, մեր ազատության հաղթանակն անխուսափելի է»,- ասված է հայտարարության մեջ։
Այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը հրաժարվում է եվրաինտեգրման գործընթացից մինչև 2028 թվականի վերջը, և երկիրը հայտնվեց բողոքի ալիքի մեջ, պետական գերատեսչությունների որոշ աշխատակիցներ, այդ թվում՝ արդարադատության, պաշտպանության, նաև կրթության ու արտաքին հարաբերությունների նախարարությունների և քաղաքապետարանի աշխատակիցները համատեղ հայտարարություններ են տարածել՝ քննադատելով այդ որոշումը: