Թբիլիսիի վերաքննիչ դատարանի մոտ տեղի է ունեցել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած բողոքի ակցիան, որից հետո ցուցարարները երթ են սկսել Ռոբաքիձեի պողոտայից, շարժվել դեպի Ծերեթելիի պողոտա, այնուհետև` Դիղոմիի զանգված։
Ավտոմեքենաների երթևեկությունը նշված պողոտաներում մասամբ սահմանափակված է։
Քաղաքական առաջնորդների որոշմամբ՝ նոյեմբերի 6-ի ժամը 11:00-ին, Թբիլիսիի վերաքննիչ դատարանում տեղի կունենա հերթական ակցիան։ Ժամը 12:00-ից նշանակված է ընտրական վեճերի գործով դատավարությունը։
Ընդդիմությունը երկրորդ ատյանի դատարանում նոյեմբերի 5-ին քաղաքացիների հավաքի մասին հայտարարեց այն բանից հետո, երբ Թեթրիծկղարոյի շրջանային դատարանի դատավոր Վլադիմիր Խուչուան հաստատեց 4 ձայնի գաղտնիության խախտումը՝ դրանով իսկ բավարարելով «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA) հայցը։ Դատավորի որոշմամբ՝ անվավեր են ճանաչվել Ծալկայի և Թեթրիծկղարոյի շրջաններում ընդգրկված էլեկտրոնային մի շարք շրջանների արդյունքները։
Ընտրական վարչությունը որոշումը բողոքարկել է Թբիլիսիի վերաքննիչ դատարան։