Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) և «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդները դիմել են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ԺՀՄԻԳ)՝ Վրաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ դիտորդներ ուղարկելու համար։
Այդ մասին այսօր՝ հունվարի 11-ին, կայացած ճեպազրույցում ասել է ՄԱՇ խորհրդարանական խմբակցության նախագահ Թինա Բոկուչավան։
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հրավեր ուղարկելը Վրաստանի արտաքին գործերի նախարարության պարտավորությունն է։ Հենց այդ հրավերի հիման վրա էլ ձևավորվում է հիմնական դիտորդական առաքելությունը և ուղարկվում Վրաստան՝ ընտրությունները դիտարկելու համար։ Իսկ կառավարությունը լռում է, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին մինչ այժմ հրավեր չի ուղարկվել, մինչդեռ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այս տարվա հոկտեմբերին Վրաստանը սպասում է աշխարհաքաղաքական նշանակության ընտրությունների, որտեղ կորոշվի երկրի եվրոպական ապագայի հարցը»,- ասել է Բոկուչավան:
Ըստ նրա՝ կառավարության այդ խոսուն լռությունն ուղեկցվում է միջազգային մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների դեմ մշտական գրոհով. «Ինչպես, օրինակ, USAID-ը, որը նույնպես ավանդաբար մեծ և կարևոր դիտորդական առաքելություն է ուղարկում Վրաստան: Այս ֆոնին, որպես հիմնական արևմտամետ ընդդիմադիր կուսակցություն, մենք անհրաժեշտ համարեցինք դիմել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին»:
Ընդդիմադիր պատգամավորը նաև ասել է, որ կոչ են անում արտաքին գործերի նախարարությանը անհապաղ պաշտոնական հրավեր ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: Բոկուչավայի խոսքով, ՄԱՇ-ի նախագահ Լևան Խաբեիշվիլին և «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»-ի նախագահ Գիորգի Վաշաձեն «Հաղթանակի կոալիցիա»-ի անունից կոչ են անում ԵՄ անդամ երկրների խորհրդարաններին, որպեսզի 27 երկրների խորհրդարանականներ ակտիվորեն մասնակցեն միջազգային դիտորդական առաքելություններին: Նրա խոսքով, նամակի հասցեատերերն են նաև Եվրախորհրդարանը, ՆԱՏՕ-ն, Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովները։