Վրաստանի խորհրդարանի մոտ այսօր, փետրվարի 5-ի առավոտյան վերսկսվել է ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների կողմից կազմակերպված բողոքի ցույցը:
Ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել են խորհրդարանի մուտքերի դիմաց և խորհրդարան մուտք գործող իշխող կուսակցության պատգամավորների համար «ամոթի միջանցք» կազմակերպել: Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների և քաղաքացիական ակտիվիստների միակ պահանջը 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական կարգով անցկացումն է:
Հատկանշական է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ավելի շուտ մեծամասնության նիստ է անցկացնում: Կուսակցության առաջնորդներից Մամուկա Մդինարաձեի խոսքով իշխող կուսակցությունը քննարկում է նախընտրական շրջանը, կազմակերպչական հարցեր՝ ընտրական համակարգի վերաբերյալ:
Ժամը 14:00-ին խորհրդարանում կմեկնարկի լիագումար նիստը: Այս պահին ցուցարարները դեռևս խորհրդարանի մուտքերի դիմաց են: