Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիային ձերբակալելու հատուկ գործողությունից հետո ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցի մասին, որը կկայանա այսօր՝ 15:00-ին: Ընդդիմադիրների խոսքով՝ բոլոր պահանջներն ու հայտարարությունները կներկայացնեն կառավարության շենքի մոտ, մինչ այդ՝ հետագա քայլերի մասին չեն խոսում:
Սոցցանցերի գրառումներում, լրատվամիջոցներին տրված հարցազրույցներում ընդդիմադիրները կոչ են անում քաղաքացիներին մասնակցել ցույցին՝ ոչ թե Մելիայի գործով, այլ հանուն բռնապետության ավարտի ու Վրաստանի ապագայի:
«Այսօր, կառավարության շենքի մոտ, ժամը 15:00-ին սպասում ենք բոլորին: Մենք արդեն շարժվում ենք այնտեղ: Սպասում ենք բոլոր նրանց, ում համար թանկ է պայքարը հանուն ազատության, որի վրա հարձակվում է Իվանիշվիլին»,- հայտարարել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան:
Ինչ վերաբերում է Մելիայի ձերբակալման հատուկ գործողությանը, ներքին գործերի նախարարությունն արդեն հրապարակել է տվյալներ բախումների ընթացքում բերման ենթարկվածների մասին: Նշվում է, որ 21 քաղաքացի բերման է ենթարկվել:
Ինչ վերաբերում է ՄԱՇ-ի գրասենյակի ավիրածություններին, իշխող կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ ընդդիմադիրներն իրենք են վնասել գրասենյակի գույքը՝ ոստիկանների վրա բարդելու նպատակով: