Երկրի ընդդիմության գործունեությունը դադարեցնելը նախընտրական շրջանում «Վրացական երազանք»-ի հիմնական խոստումն էր, որի համար իշխող ուժը խնդրում էր քաղաքացիների աջակցությունը՝ սահմանադրական մեծամասնություն ստանալու համար։
Ընտրություններից հետո, սակայն, իշխանությունը պնդում է, որ առանց սահմանադրական մեծամասնության ևս կկարողանա արգելել քաղաքական հակառակորդներին։
Օրենսդրության համաձայն՝ կառավարությունը և խորհրդարանի առնվազն 30 անդամ կարող են նախաձեռնել կուսակցության գործունեությունն արգելելու գործընթաց։
Կուսակցության արգելափակման որշումը, սակայն, կարող է կայացնել միայն սահմանադրական դատարանը.
Հետընտրական շրջանում «Վրացական երազանք»-ը շարունակում է օրակարգում պահել հակառակորդներին «վերացնելու» նախընտրական խոստումը, այդ մասին վկայում է ընտրություններից հետո՝ նոյեմբերի 11-ին, վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը՝ «հնարավոր է կուսակցություններին արգելել գործել նույնիսկ առանց սահմանադրական մեծամասնության»։
Կոբախիձեն ասել էր նաև, որ իրենք հնարավոր է դիմեն սահմանադրական դատարան։
Սահմանադրագետներն ի սկզբանե մատնանշել են, որ կուսակցության գործունեությունն արգելելու համար սահմանադրական մեծամասնություն չի պահանջվում, բայց նրանք ընդգծում են՝ արդյոք իշխանությունների մտադրությունը համապատասխանում է Վրաստանի Սահմանադրությամբ ամրագրված եվրաիտեգրման նկրտումներին։
«Մենք ցնցված էինք, երբ «Վրացական երազանք»-ը որպես իր նախընտրական ծրագրի խոստում հայտարարեց ընդդիմադիր կուսակցությունների արգելափակման մասին»,- հոկտեմբերին ասել էր Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։
Վրացի քաղաքագետ, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Գրիգոլ Գեգելիան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում իշխանության արարքները որակում է «ռուսական տիպի ավտոկրատիա»:
«Դեռ ապրիլից սկզբում Իվանիշվիլին, ապա Կոբախիձեն սկսեցին նման հայտարարություններով հանդես գալ։ Ինձ համար սա զարմանալի չէ: Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ նրանք ծառայում են Ռուսաստանին ու ռուսական շահերին: Ընդդիմության գործունեության արգելում չի կարող տեղի ունենալ ոչ մի նորմալ, ժողովրդավարական երկրում», — ընդգծում է Գեգելիան:
Նա նաև հավելում է՝ հասարակության առջև կա առաջադրանք՝ նման իշխանությանը լեգիտիմ ձևով հեռացնել երկրի ղեկից:
Կուսակցությունների հնարավոր արգելափակում
Վրաստանում միայն սահմանադրական դատարանը կարող է արգելել քաղաքական կուսակցության գործունեությունը։ Արգելքի, այսինքն՝ գործունեության դադարեցման հիմքերը կարող են լինել.
- Բռնությամբ տապալելը կամ փոխելը Վրաստանի սահմանադրական կառուցվածքը
- Երկրի անկախության խախտումը
- Տարածքային ամբողջականության խախտումը
- Պատերազմի կամ բռնության քարոզչությունը
- Ազգային, էթնիկական, տարածաշրջանային, կրոնական կամ սոցիալական վեճերի հրահրումը
- Զինված կազմավորման ստեղծումը
Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու իրավունք ունեն Վրաստանի նախագահը, կառավարությունը կամ խորհրդարանի անդամների առնվազն մեկ հինգերորդը (30 պատգամավոր)։
Սահմանադրական հայցը, երբ վերաբերում է քաղաքական կուսակցության գործունեության սահմանադրականությանը, պատասխանողը քաղաքական կուսակցությունն է:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է նաև Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի հետ: Մելաշվիլին ասում է, որ իշխանությունը բավարար հիմքեր չի կարող ունենալ՝ արգելելու քաղաքական ընդդիմությանը:
«Կուսակցությունն արգելելու հարցը ընտրազանգվածի մոբիլիզացման փորձերից մեկն է: «Վրացական Երազանք»-ն ուզում է ցույց տալ, որ բարձր դիրքում է, ինչը իրականությանը չի համապատասխանում: Նրանք շատ լավ հասկանում են, որ ընտրություններում տեղի ունեցած կեղծիքներն անհերքելի են, այդ իսկ պատճառով ցանկանում են վախեցնել ընդդիմությանը՝ ստիպելով գնալ զիջումների»,-ասում է քաղաքագետը:
Ըստ Մելաշվիլիի, իշխանությունը ցանկանում է այս քայլով ստեղծել նոր՝ «առողջ» ընդդիմություն, որը ժողովրդավարական կառավարության հետ բացարձակ կապ չունի․ «Իշխանության այսօրվա քայլերը երկիրը վերածում են Հյուսիսային Կորեայի», — ընդգծում է Մելաշվիլին: