Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության համաձայն հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 7 կուսակցություն բյուջեից ֆինանսավորման իրավունք է ստացել, սակայն «Փոփոխությունների համար» կոալիցիան հրաժարվել է այդ գումարից։
«Փոփոխությունների համար» կոալիցիան ֆինանսավորումից հրաժարվելը բացատրում է հետևյալ կերպ. «ընդդիմությունը պետք է հետևողական գործի նոր խորհրդարանական ընտրությունների համար պայքարում»։
Բյուջեից ֆինանսավորման հարցը հակասություն է առաջացրել ընդդիմության շարքերում։ «Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեն քննադատել է նրանց, ովքեր կշտամբում են իր կուսակցությանը ֆինանսական աջակցությունից չհրաժարվելու համար։
Խազարաձեն նշել է, որ «բյուջեի գումարները ոչ մի կապ չունեն խորհրդարանի լեգիտիմացման հետ»։
Հատկանշական է, որ ինչպես «Փոփոխությունների համար» կոալիցիան, այնպես էլ մնացած ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում հոկտեմբերի 26-ի ընտրության արդյունքները:
Նշենք, որ ֆինանսավորումը տրամադրվում է կուսակցություններին, որոնք ստանում են առնվազն 1 տոկոս կամ 20 հազարից ավելի ձայն։