Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) Թբիլիսիի գրասենյակի շուրջ 300 անդամ լքել է կուսակցության շարքերը: Ըստ radiotavisupleba.ge լրատվականի՝ Թբիլիսիի սակրեբուլոյի ՄԱՇ-ի մի քանի անդամներ ևս մտադիր են լքել կուսակցությունը, այդ թվում՝ Անա Գոգոլաձեն, Բեսո Գազդելիանին և Մամուկա Գուգեշաշվիլին։
ՄԱՇ–ի նախկին անդամները կուսակցությունից հեռանալու մասին հայտարարել են դեկտեմբերի 9-ին՝ Ռուսթավելի պողոտայի առաջին միջնակարգ դպրոցի դիմաց։ Արդեն նախկին կուսակցականները բացատրում են, որ ՄԱՇ-ը լքում են, քանի որ համաձայն չեն կուսակցության ներկայիս ղեկավարության գործելաոճին ու պայքարի մեթոդներին։
Թբիլիսիի սակրեբուլոյի ՄԱՇ–ի խմբակցության նախկին անդամ Բեսո Գազդելիանիի խոսքով, իրենք քայլ առաջ սկսում են երկրի ավելի լավ ապագայի համար պայքարը՝ կուսակցության նախկին առաջնորդ Նիկա Մելիայի հետ միասին:
Մելիան նախատեսում է նոր կուսակցություն հիմնել։ Դեկտեմբերի 7-ին ՄԱՇ–ի գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ լքում է կուսակցությունը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, ՄԱՇ-ը փլուզվում է, և, իրենց դիտարկմամբ՝ դա պատահական չէ. «Կարծում եմ՝ սա այն խնդիրն է, որ կատարում է Կեզերաշվիլին. պլանը ՄԱՇ-ը տապալելն է՝ այլ քաղաքական ուժի առաջ տանելու համար»:
Նշենք, որ այս պահին ՄԱՇ-ը լքել են Բաթումիի, Զուգդիդիի, Ճիաթուրայի, Խոբիի, Կասպիի և Կախեթիի սակրեբուլոյի անդամներ: