Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպել են «Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդները և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդ Էլենե Խոշտարիան։ Հանդիպումից հետո «Ուժեղ Վրաստան»-ի ղեկավարներն ընդգծել են հասարակության և ընդդիմության միասնության կարևորությունը։
«Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ, «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Ալեկո Էլիսաշվիլիի խոսքով՝ իրենք հանդիպել են Զուրաբիշվիլիին, որպեսզի ավելի համակարգված շարունակեն «ազգային դիմադրությունը, որը տեղի է ունենում երկրում»։ Նրա խոսքով՝ Սալոմե Զուրաբիշվիլին ռեսուրսներ ունի ղեկավարելու այդ համակարգումը։
«Ցանկացած նախաձեռնության նախագահ Զուրաբիշվիլիի մասնակցությունը շատ կարևոր է։ Ես ձեզ ուղիղ կասեմ. նրա դերը տեսնում եմ որպես միավորողի, առանց որևէ չափազանցության՝ նա կարող է միավորողի դեր կատարել: Նախագահ Զուրաբիշվիլին մեզ հետ նույնպես քննարկում է, թե որոնք կարող են լինել հետագա քայլերը»,- ասել է «Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներից Բադրի Ջափարիձեն։
«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Էլենե Խոշտարիան էլ ասել է, որ նախագահը երկրում միակ օրինական ինստիտուտն է, և ինքը ցանկանում է նրա հետ խոսել ընդհանուր քաղաքական գործընթացների մասին։