Վրաստանի Զուգդիդի քաղաքի շրջանային դատարանն ընդդիմադիր «Դրոա» կուսակցության ներկայացուցիչ Մարիամ Սիճինավային տուգանել է 2000 լարիի չափով՝ հանրահավաքի ժամանակ դեմքը ծածկելու համար։ Սիճինավան մեղավոր է ճանաչվել հունվարի 23-ին տեղի ունեցած հանրահավաքում դեմքը շարֆով ծածկելով օրենքը խախտելու համար։
Նիստին ներկա ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) քննիչը նշել է, որ Սիճինավան փակել է դեմքը և, չնայած տեղեկացված լինելուն, դիտավորյալ խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 174-րդ հոդվածի 5-րդ մասը։
Նիստի սկզբում Սիճինավան կրել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի պատկերով դիմակ և ի նշան բողոքի լքել դահլիճը` վանկարկելով՝ «Ո՛չ օլիգարխիային»:
Սիճինավան բազմիցս տուգանվել է վարչական իրավախախտումների համար։ Մասնավորապես, նա տուգանվել է 2000-5000 լարիի չափով՝ եվրոպամետ ցույցերի ժամանակ դիմակներ և հրավառություն օգտագործելու համար։ Սիճինավայի խոսքով՝ իր տուգանքների թիվն արդեն գերազանցում է 15 հազար լարին։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո Զուգդիդիում հանրահավաքի ժամանակ պիրոտեխնիկայի և դեմքը ծածկելու համար քաղաքացիների տուգանման առաջին դեպքերն են գրանցվում:
Եվրոպամետ բողոքի ցույցերի մասնակիցները չեն ճանաչում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունները, որոնք, ըստ նրանց, սահմանափակում են խոսքի և հավաքների ազատությունը։ Խնդիրը վերաբերում է դեմքը ծածկելու արգելքին և հանրահավաքներին պիրոտեխնիկայի օգտագործմանը: