Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին նախագահ Նիկա Մելիան անպատասխանատու, անսկզբունքային և անհետևողական է անվանել ընդդիմադիր հինգ պատգամավորների որոշումը, որով վերջիններս աջակցել են Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամության թեկնածուներին։
Մելիայի գնահատմամբ՝ սա ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ արդյունքի կարող է հանգեցնել սկզբունքների ու դիրքորոշումների հստակության բացակայությունը։
Ըստ Մելիայի՝ երբ ռեժիմը ռուսական է, խորհրդարանն ընդունում է ռուսական օրենք, իսկ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը անցնում է փոխխոսնակի աթոռին, ամեն ինչ արդեն իսկ պարզ է դառնում:
«Այսօր ընդդիմության միասնությունը խախտած գործիչներիչ որևէ մեկը բարոյական իրավունք չունի ընդդիմադիր պատգամավոր կոչվելու և խորհրդարանում ներկայացնելու վրաց ժողովրդի ընդդիմադիր մտածող հատվածը»,- նշել է Մելիան։
Ի դեպ, ՄԱՇ-ը խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում առաջադրել է Լևան Բեժաշվիլիի թեկնածությունը։
Ընդգծենք՝ Վրաստանի խորհրդարանը հաստատել է Արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամների 5 թափուր տեղերի 3 անդամներին։
Տրիստան Բենաշվիլիին և Զուրաբ Գուրասպաշվիլիին սատարել է 93 պատգամավոր, իսկ Գիորգի Գզոբավային՝ 91, ինչը նշանակում է, որ քվեարկությանը մասնակցել են նաև խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորներ, թեև նրանց ինքնությունը հայտնի չէ։