Վրաստանյան ընդդիմադիր վեց կուսակցությունները հունիսի 25-ին հրապարակված հռչակագրում գրել են, որ մինչև հուլիսի 8-ը կհամաձայնեցնեն ընտրություններին մասնակցելու հարաբերակցությունները։ Վեց կուսակցություններից չորսն այս պահին բանակցում են խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հարցի շուրջ։
«Գիրչի — առավել ազատություն» կուսակցության անդամ Ցոտնե Կոբերիձեի խոսքով, իր կուսակցությունը, «Լելոն», «Դրոան» և «Ախալին» արդեն բազմաթիվ հարցերի շուրջ համաձայնության են հասել։
Չհամաձայնեցված հարցերի մասին քաղաքական գործիչը չի խոսել, սակայն հավելել է՝ այնպիսի սկզբունքային խնդիրներ չկան, որոնց շուրջ հնարավոր չլինի բանակցել։
«Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում արգելված է ընտրական բլոկ ստեղծել, ուստի ստիպված ենք լինելու միավորվել մեկ կուսակցության մեջ։ Կան պայմանավորվածություններ, թե ինչպես են կողմերն աշխատելու մեկ կոնկրետ սուբյեկտում։ Չկա մեկ կոնկրետ կուսակցություն, որի վրա կկառուցվի միասնություն»,- հավելել է Կոբերիձեն։
Ուշագրավ է, որ «Եվրոպական Վրաստանը», որը չի միացել ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միասնության հռչակագրին, չի մասնակցում բանակցություններին։ Ընդդիմադիր կուսակցությունը պնդում է՝ իրենք կուսակցությունների առաջնորդներին դիմել են թե՛ հրապարակավ, թե՛ անմիջականորեն, «սակայն, նախնական շփումից հետո, նրանց կողմից մինչ օրս լռություն է»։