Ընդդիմության կոչը Սիրիայի նոր ղեկավարությանը. չեղարկել օկուպացված տարածքների անկախության ճանաչումը

Վրաստանյան 4 քաղաքական ընդդիմադիր ուժերը, որոնք հանրության մեծ մասի հետ «Վրացական երազանք»-ի իշխանությունը ոչ լեգիտիմ են համարում, դիմում են Սիրիայի նոր առաջնորդին՝ կոչ անում «հետ կանչել» Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված Աբխազիայի և Հարավային Օսիայի (Ցխինվալի) շրջանների «անկախ պետությունների ճանաչումը»:

Այդ քաղաքական ուժերն են՝ «Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնություն — Ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» կոալիցիաները և «Վրաստանի համար» կուսակցությունը:

«Մենք՝ Վրաստանի ժողովրդավարական քաղաքական ուժերը, շնորհավորում ենք Սիրիայի ժողովրդին՝ Ձեր ղեկավարությամբ Բաշար Ալ-Ասադի դաժան բռնապետության տապալման կապակցությամբ։ Մենք հուսով ենք, որ Ձեր երկրում իրականացվող փոփոխությունները նոր հեռանկարներ կբացեն մեր պետությունների միջև համագործակցության համար», — ասված է ըննդիմության հայտարարության մեջ։

Նամակում կողմերը Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաային բացատրում են՝ «վրաց ժողովուրդը խաղաղ պայքար է մղում անօրինական, ավտորիտար ռեժիմի դեմ, որին աջակցում է Կրեմլը»։

«Համապատասխանաբար, մենք՝ Վրաստանի չորս հիմնական դեմոկրատական ​​ուժերը, որ ներկայացնում ենք Վրաստանի քաղաքացիների կամքը և նրանց ձգտումները՝ ազատ և ժողովրդավարական պետականության համար, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ չեղյալ համարելու Սիրիայի կողմից Ռուսաստանի օկուպացված շրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալիի շրջանը/Հարավային Օսիայի՝ որպես անկախ պետություններ ճանաչումը», — գրում են ընդդիմադիրները հայտարարության մեջ:

Ընդդիմությունը հիշեցնում է՝ Աբխազիան և Ցխինվալին «որպես անկախ պետություններ են ճանաչվում միայն Ռուսաստանի դաշնակից բռնապետական ​​ռեժիմների կողմից, ինչպիսիք են Վենեսուելան և Նիկարագուան». «2018 թվականին բռնապետ Բաշար Ալ-Ասադը, ի պատասխան իր դաժան ռեժիմին Ռուսաստանի աջակցության, ճանաչեց Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի վերոհիշյալ շրջանների անկախությունը»:

Սիրիայի ապստամբների առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաան երկրի նոր նախագահ է հռչակվել 2025 թվականի հունվարի 29-ին՝ «անցումային կառավարության» օրոք։ Նա գլխավորել է Սիրիայի բռնապետ Բաշար Ալ-Ասադի դեմ ապստամբությունը 2024 թվականի նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին։

Միջազգային հարաբերությունների փորձագետները նշում են, որ ստեղծված իրավիճակի ֆոնին Վրաստանի համար հնարավորություն կա աշխատելու Սիրիայի նոր փաստացի կառավարիչների հետ՝ Ռուսաստանի օկուպացրած տարածքների «անկախության ճանաչման հետկանչի շուրջ»: Սակայն, ըստ վերլուծաբանների, այս հնարավորությանը խոչընդոտում են «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան քայլերը, գործընկերների հետ հարաբերությունների սրումը, մեկուսացման աճող ռիսկը։

«Վրացական երազանք»-ի կառավարության պաշտոնական դիրքորոշումը, թե արդյոք դիտարկում են Սիրիայում փոխված իրավիճակը որպես նոր հնարավորություն, անհայտ է։