Ընդդիմության գործունեության արգելքը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին. ԵԽ պատգամավոր

«Կանաչներ/Եվրոպական ազատ դաշինք»-ի անդամ, Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովայի կարծիքով, Վրաստանում ընդդիմության գործունեության արգելքը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, ինչին հետևելու է իշխող ուժի մենիշխանությունը երկրում

Նա ընդգծել է Վրաստանում արդար ու ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, հակառակ դեպքում չի բացառել Վրաստանի նկատմամբ նույն պատժամիջոցների կիրառումը, ինչը եղավ Բելառուսի դեպքում։

Նրա խոսքով՝ Եվրամիությունն ունի լծակների համակարգ, որի մի զգալի մասը դեռ չի օգտագործվել։

«Անդամակցության վերաբերյալ քննարկումները դադարեցվել են, չնայած Վրաստանին տրվել է թեկնածուի կարգավիճակ։ ԵՄ-ն այժմ չի կարող կիրառել անհատական ​​պատժամիջոցներ, բայց դա կախված է անդամ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից: Կարծում եմ՝ կան որոշ անդամ երկրներ, որոնք շահագրգռված կլինեն անհատական ​​պատժամիջոցների կիրառմամբ»,- Թբիլիսիի 8-րդ միջազգային համաժողովում լրագրողներին ասել է Գրեգորովան։

Նրա կարծիքով՝ իշխող «Վրացական երազանք»-ը հույս ունի, որ Ռուսաստանը կհաղթի Ուկրաինայի պատերազմում։

Ի դեպ, «Վրացական երազանք»-ը նախընտրական խոստում է տվել, որ սահմանադրական մեծամասնություն ստանալու դեպքում կարգելի գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը, որոնք, ըստ վերջին հարցումների, հնարավորություն ունեն անցնելու հաջորդ խորհրդարան։