Ընդդիմության առաջնորդներից Նիկա Գվարամիան բերման է ենթարկվել

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, «Գիրչի-Դրոայի» գրասենյակի մոտ բերման է ենթարկվել ընդդիմադիր «Ախալի» կուսակցության հիմնադիր, «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան։

Գվարամիային ոստիկանությունը բերման է ենթարկել ուժի կիրառմամբ․ վիճաբանության ժամանակ նրան գցել են գետնին, իսկ հետո նրան անգիտակից վիճակում քարշ տալով տարել դեպի ոստիկանական տարբերանշաններ չունեցող մեքենա:

Ժամեր անց հայտնի է դարձել, որ Նիկա Գվարամիան տեղափոխվել է Մառնեուլիի կալանավայր։

Այս մասին տեղեկությունը տարածել է փաստաբան Դիտո Սաձագլիշվիլին։ Նրա խոսքով Գվարամիայի գտնվելու վայրի մասին տեղեկությունը ստացել են հանրային պաշտպանի գրասենյակից։ Ներքին գործերի նախարարությունը ձերբակալվածի մասին պաշտոնապես տեղեկություն չի տրամադրել։

Գվարամիայի առողջական վիճակի մասին տեղեկություն չկա:

ՆԳՆ ներկայացուցիչները խուզարկության նպատակով մտել են նաև այլ քաղաքական կուսակցությունների գրասենյակներ։