Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության անդամները Արդարադատության բարձրագույն խորհրդի մոտ ակցիա են անցկացրել՝ «Պատժամիջոցների ենթարկված դատական կլանի հրաժարականի» պահանջով։
Հանրահավաքի մասնակիցները պարզել են ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից պատժամիջոցների ենթարկված վրացի դատավորների պատկերով պաստառներ։
«Արևմտյան ապագայի համար հիմնական մարտական գիծը դատական իշխանությունների հետ է, քանի որ մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ կողմից պատժամիջոցները քաղաքական ուղերձ էին: Երբ ունես դատական կլան, որը ստանում է ուղղակի քաղաքական հրահանգներ, դու չես կարող դառնալ արևմտյան ընտանիքի անդամ»,- ասել է ՄԱՇ-ի քաղխորհրդի անդամ Իրակլի Փավլենիշվիլին։
Հարկ է նշել, որ ընդդիմությունը ցանկանում է խորհրդարանում դատավորների գործունեության վերաբերյալ ժամանակավոր հետաքննիչ հանձնաժողով ստեղծել, թեև խորհրդարանական մեծամասնությունն արդեն երեք անգամ հրաժարվել է գրանցվել լիագումար նիստում՝ ի նշան դատավորների հետ համերաշխության։ Արդյունքում քվորումը տապալվել է, որի պատճառով էլ չի ապահովվել դատաիրավական համակարգում կոռուպցիոն և այլ ապօրինի գործողություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով քննարկումը:
Հանձնաժողովի ստեղծման մասին բանաձևի քվեարկության համար անհրաժեշտ էր պատգամավորների կեսից ավելիի (առնվազն 76 հոգի) գրանցումը, ինչն անհնար էր առանց խորհրդարանական մեծամասնության։