Դեկտեմբերի 19-ին ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն առանձին-առանձին հանդիպել են Թբիլիսիում գտնվող Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալան Բերսեին։ Ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի ներկայացուցիչները հրաժարվել են հանդիպել նրան։
«Միասնություն — ազգային շարժում» կուսակցության առաջնորդներ Գիորգի Վաշաձեն և Թինա Բոկուչավան և «Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներն արդեն հանդիպել են Ալան Բերսեին։
«Ես բաց և կառուցողական մտքերի փոխանակում եմ ունեցել ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնություն — ազգային շարժում» կուսակցության հետ։ Քննարկումն անհրաժեշտ էր նրանց պահանջները լսելու և Վրաստանում առկա ժողովրդավարական մարտահրավերները լուծելու համար», — կայացած հանդիպումներից մեկից հետո X հարթակում գրել է Բերսեն:
«Ուժեղ Վրաստան»-ի հետ հանդիպումից հետո Բերսեն գրել է. «Կարևոր քննարկում ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան»-ի հետ՝ լսելու նրանց հեռանկարների մասին և մտքեր փոխանակելու Վրաստանում առկա մարտահրավերների վերաբերյալ։ Երկխոսությունը պարտադիր է»։
Օրվա ընթացքում նախատեսվում է հանդիպում «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդների հետ։
Չորրորդ ընդդիմադիր ուժի` «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի ներկայացուցիչներ Նիկա Գվարամիան և Նիկա Մելիան հրաժարվել են մասնակցել հանդիպմանը։ Նախորդ երեկոյան կուսակցությունը պարզաբանել էր, որ «Վրացական երազանք»-ը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի այցը Թբիլիսի օգտագործում է «քարոզչական և ապատեղեկատվական նպատակներով»։
«Վստահ ենք, որ ԵԽ գլխավոր քարտուղարի այցը կնպաստի Վրաստանում մարդու իրավունքների հետ կապված վատթարագույն իրավիճակի բարելավմանը, հատկապես՝ քաղբանտարկյալ դարձած մեր համաքաղաքացիների ազատ արձակման առումով», — նշել էր կոալիցիան:
Դեկտեմբերի 19-ին կուսակցության առաջնորդներից Էլենե Խոստարիան պարզաբանել էր, թե ինչու չի գնում հանդիպմանը. պատճառն այն է, որ Բերսեն չի այցելում «քաղբանտարկյալներին»:
Բերսեի այցը կտևի մինչև դեկտեմբերի 21-ը։