Վրաստանի ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեի կարծիքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից գրանցված ԵՄ ինտեգրման մասին բանաձևը պետք է արագացված ընթացակարգով քննարկվի խորհրդարանում։
Ինչպես Սամնիձեն է ասել, այն փաստը, որ խորհրդարանը չի արագացնում բանաձևի վերանայման ընթացակարգերը, հարցեր է առաջացնում։
«Այս բանաձևի տեքստով խորհրդարանը համաձայն է, որ կառավարությունը պետք է սկսի աշխատել և քայլեր ձեռնարկել։ Մենք, իհարկե, կաջակցենք ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի հապճեպ ընդունմանը, սակայն կարևոր է, որ լիագումար նիստը որքան հնարավոր է շուտ գումարվիի»,- ասել է Սամնիձեն։
Ընդդիմադիր «Լելոն Վրաստանի համար» կուսակցության քաղաքական քարտուղար Սալոմե Սամադաշվիլիի կարծիքով էլ ԵՄ-ին ինտեգրվելու վերաբերյալ «Վրացական երազանքի» գրանցած բանաձևը բավարար չէ։
Ըստ Սամադաշվիլիի՝ «Վրացական երազանքը» բանաձևը գրանցել է Ուկրաինայի շուրջ ճգնաժամից հետո՝ առանց ընդդիմության հետ խորհրդակցելու։
Սամադաշվիլիի խոսքով, սակայն, բանաձևի նախաձեռնումը բավարար չէ ո՛չ ներկայիս ճգնաժամին արձագանքելու, ո՛չ էլ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը բարձրացնելու համար։
Նրա կարծիքով, ակնհայտ է, որ «Վրացական երազանքը» արդեն 10 տարի է, ինչ աչք է փակում վրաց հասարակության վրա և ստում է, թե իբր ուզում է որոշակի առաջընթաց եվրաինտեգրման ուղղությամբ։
«Ինքնին ոչ մի վատ բան չկա, որ բանաձևը վավերացվի, բայց տեքստը բավականին թույլ է։ Սակայն, ի վերջո, օրակարգում է մնում մեր և վրաց ժողովրդի բողոքը «Վրացական երազանքի»՝ Ուկրաինայի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ ստեղծված խայտառակ իրավիճակի վերաբերյալ», — ասել է Սամադաշվիլին։
Ըստ Սամադաշվիլիի՝ սա փաստաթուղթ չէ, որի հաստատումն այսօր կամ վաղը կփոխի իրականությունը Վրաստանի քաղաքական միջավայրում և միջազգային ասպարեզում։
«Մենք ունենք մեր նախաձեռնությունները, և բոլորս էլ հասկանում ենք, որ սա մեկ օրվա խնդիր չէ, որ մեկ օրում առաջընթաց գրանցենք։ Այստեղ հասարակության ամենօրյա պլան է պետք, քանի որ այս իշխանությունից զրոյական ակնկալիքներ ունենք։ Ես ակնկալիք չունեմ, որ այս կառավարությունն այս փուլում մեր երկրին անհրաժեշտ քայլեր կձեռնարկի։ Այդ իսկ պատճառով հասարակությունը, ինչպես նաև ընդդիմությունը պետք է իր վրա վերցնի այդ առաքելությունը»,- ասել է Սամադաշվիլին՝ հավելելով, որ սա այն ուղղությունն է, որով նրանք աշխատելու են։
Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 1-ին, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում ներկայացրել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման վերաբերյալ բանաձևի նախագիծը։
Փաստաթղթով կոչ է արվում վրացական գործադիր իշխանություններին ակտիվացնել ջանքերը Վրաստանի եվրաինտեգրման ուղղությամբ և իրականացնել Վրաստանի ու Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագիրը՝ Վրաստանին ԵՄ անդամակցությանը պատշաճ կերպով նախապատրաստելու համար։