Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կարծիքով՝ Վրաստանը պետք է պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններ սկսելու կապակցությամբ։
Կուսակցության առաջնորդ և պատգամավոր Թինա Բոկուչավան կառավարությանն առաջարկում է Վրաստանի «օկուպացիայի» մասին օրենքը տարածել Ուկրաինայի տարածքների վրա։
«Լռությունն անթույլատրելի է, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը միավորված է: Վրաստանը նույնպես պետք է դիրքորոշում հայտնի, որում կարող է իր աջակցությունը հայտնել: Պետք է դիտարկել պատժամիջոցների հարցը», — ասել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Թինա Բոկուչավան։
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը ևս պատասխանել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիային։
Նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի հիմնած կուսակցությունը կարծում է, որ Ուկրաինայում ընթացող գործընթացները ապագայում կազդեն միջազգային օրակարգի վրա։
«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Ուկրաինայում, Վրաստանի դեմ տարիներ առաջ սկսված ագրեսիվ քաղաքականության շարունակությունն է. սա Ռուսաստանի բացահայտ ագրեսիան և լայնածավալ պատերազմն է ինքնիշխան պետության դեմ։ Ուկրաինայում ընթացող գործընթացները վերաբերում են ոչ միայն Ուկրաինային և տարածաշրջանին, այլև դրա հետևանքները որոշում են, թե ինչպիսին կլինի աշխարհը վաղը, ինչպիսին կլինի միջազգային կարգը ապագայում»,- հայտնել են կուսակցությունից։
Ըստ հայտարարության՝ այսօր ողջ միջազգային հանրության խնդիրը պետք է լինի բոլոր արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ կասեցնել ռուսական ագրեսիան.
«Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեր եղբայրական ուկրաինացի ժողովրդին այս դժվարին պահին»։
«Վրաստանի համար» կուսակցությունը կարծում է, որ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը, Վրաստանի ողջ քաղաքական սպեկտրի համար կարևոր է մի կողմ դնել կուսակցական շահերը, առավելագույնի հասցնել հանրային համախմբումը և համակարգել միջազգային գործընկերների հետ՝ հնարավոր բոլոր սպառնալիքներից խուսափելու համար։
Հայտարարության մեջ ասվում է, որ ստեղծված իրավիճակում պատասխանատու գործողությունը բոլորի պարտականությունն է՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության։
Կուսակցությունը խորհրդատվություններ է առաջարկում իշխանությանն ու ընդդիմությանը.
«Մեր քաղաքական թիմը պատրաստ է միասնական քաղաքական ձևաչափով իշխանության և ընդդիմության հետ խորհրդակցություններին, և մենք կարծում ենք, որ առաջին փուլում սկզբունքորեն կարևոր է, որ այն լինի փակ ձևաչափով՝ ուղղված ընդհանուր պետական նպատակին»։
Նշենք, որ դեռևս Վրաստանի իշխանությունները չեն խոսել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։
—————————————————————————————————————
Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։