Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Լելո» կուսակցության պատգամավորներ Անա Նացվլիշվիլին և ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Արմազ Ախվլեդիանին «Պիրոտեխնիկայի արգելման մասին» օրենքի նախագիծ են ներկայացրել խորհրդարանի քննարկմանը:
Այսօր հրավիրված ասուլիսում վերոհիշյալ պատգամավորները պարզաբանել են, որ օրինագիծը նախատեսում է պիրոտեխնիկայի ներմուծման, պահման և վաճառքի արգելում, բացառությամբ F1 կարգի պիրոտեխնիկայի, որի անվտանգության հեռավորությունը մեկ մետր է կամ մեկ մետրից պակաս և կարող է օգտագործվել փակ տարածքում, իսկ պիրոտեխնիկայի այլ կատեգորիաների օգտագործումը թույլատրվելու է միայն կառավարության որոշման հիման վրա, մեկ անգամ՝ հատուկ դեպքերում:
Ըստ Նացվլիշվիլիի՝ մարդիկ անվերահսկելիորեն օգտագործում են պիրոտեխնիկան զվարճանքի համար, ինչը հաճախ հանգեցնում է նրանց կամ շրջապատի մարդկանց առողջության խաթարմանը, ինչպես նաև վտանգում է շրջակա միջավայրը, վնասում է թռչուններին ու կենդանիներին, նաև մահվան պատճառ է դառնում: Պատգամավորի պարզաբանմամբ՝ օրինագծի ընդունումից հետո ֆիզիկական և իրավաբանական անձինք կտուգանվեն 1 000 և 5000 լարիով՝ պիրոտեխնիկայի ապօրինի օգտագործման համար։
«Նախագծի հեղինակներին Արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ միայն 2023 թվականի հունվարին կենտրոն օգնության է դիմել պիրոտեխնիկայի օգտագործումից տուժած 87 քաղաքացի, որոնցից 19-ը՝ մինչև 18 տարեկան։ 41 տուժածների անհրաժեշտ է եղել հոսպիտալացնել։
Պաշտոնական գերատեսչություններից ստացված տեղեկատվության վրա հիմնված պրակտիկան և հետազոտությունները ցույց են տվել, որ գործող կանոնակարգերը գործնականում չեն կատարվում»,- ասել է Նացվլիշվիլին։