Վրաստանի չորս ընդդիմադիր ուժերը՝ «Միասնություն — Ազգային շարժում», «Կոալիցիա փոփոխություների համար», «Ուժեղ Վրաստան» միավորումները և «Վրաստանի համար» կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել` նշելով, որ ստեղծված իրավիճակից ելքը նոր ընտրությունների անցկացումն է միջազգային ներգրավվածությամբ, նոր ընտրական վարչակազմի և քաղաքականապես չեզոք իրավապահ և պետական այլ կառույցների պայմաններում։
Նրանք դատապարտում են քաղաքացիների նկատմամբ զինված հատուկջոկատայինների բռնությունները և պահանջում ազատ արձակել բերման ենթարկվածներին:
«Վրաց ժողովրդի օրինական մանդատ ունեցող կոալիցիաները/կուսակցությունները միասին դիմակայելու են «Վրացական երազանք»-ի անօրինական ռեժիմին և նրա կազմակերպած համակարգված բռնությանը խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ։ Բոլոր ձերբակալված ցուցարարները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Համատեղ, համակարգված ջանքերով մենք վրաց ժողովրդի հետ միասին փողոցներում պայքարում ենք մեր ընդհանուր պետությունը փրկելու համար։ Համագործակցության ձևով մենք գործնական օգնություն կցուցաբերենք ցուցարարներին՝ ներառյալ իրավական, տեղեկատվական և բժշկական աջակցություն», — նշել են ընդդիմադիրները:
Նրանք միջազգային հանրությանը կոչ են անում դատապարտել համակարգված բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ, հստակ հայտարարություններ անել գողացված ընտրությունների արդյունքները չճանաչելու և արդյունավետ հակաքայլեր ձեռնարկելու մասին. «Մեր պայքարը միասնական է և կշարունակվի մինչև վրացական ժողովրդավարության հաղթանակն ու նրա եվրոպական հեռանկարը»:
Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։
Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։