«Երկրում տեղի են ունենալու ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և այո՛, մենք պետք է խոսենք տանիքների, ճանապարհների մասին, այլ ոչ թե Միխեիլ Սաակաշվիլիի ժամանելու կամ չժամանելու»,- ասել է Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ՝ Լևան Իոսելիանին։
Ըստ Իոսելիանիի՝ Սաակաշվիլին հասել է իր նպատակին, և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրակարգը տեղափոխել իր օգտին։
«Այսօր և վաղը պարզ կդառնա՝ արդյո՞ք Սաակաշվիլին Վրաստանում է, թե ոչ, ինչն ինձ համար ցավալի է, քանի որ իրականում, այս ժամանակահատվածը պետք է հատկացվեր մեր քաղաքացիների համար կարևոր և չլուծված խնդիրների քննարկմանը։ Եթե Սաակաշվիլին ժամանել է Վրաստան, սա ցույց է տալիս պետության տկարությունը, ստացվում է, որ մենք սահման չունենք և հանգիստ կարելի է ներսուդուրս անել», — ասել է ընդդիմադիր փոխխոսնակը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ չի զարմանա, եթե այս ամենը սուտ լինի, քանի որ Սաակաշվիլիի կողմից շատ խոստումներ է լսել, որոնք հետագայում չեն կատարվել։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին վաղ առավոտյան հայտարարեց, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութ հրապարակեց` նշելով, թե գտնվում է Բաթումիում:
Սակայն Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, թե Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը:
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը ղեկավարել է 2004-2013 թվականներին: 2013 -ի ընտրություններում պարտվելուց հետո նա լքել է երկիրը, ինչից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Նա ութ տարուց ավելի է չի եղել Վրաստանում, սակայն բազմիցս խոսել է վերադարձի մասին։ 2015 -ին Սաակաշվիլին կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է: